Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Քաղաքի ամենաբանուկ հատվածում բիզնես եւ բնակելի տարածք շահագործող ընկերությանը զիջել գույքահարկ, այդտեղ ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր»

Մարտ 23,2021 20:35

Մարտի 19-ին հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց եւ լքեց դահլիճը: Պատճառն այն էր, որ օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին նաեւ համայնքին պատկանող տարածքները նվիրաբերելու եւ «Վիմպերգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին հարցերը: Խմբակցության ավագանու անդամներն առաջարկում էին օրակարգից հանել նշված հարցերը:

Aravot.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասաց, որ իրենք բազմիցս են հարցը բարձրացրել, սակայն ապարդյուն. «Նախկինում էլ է նման բան եղել, որքան փորձել ենք առաջարկներով բերել քննարկման դաշտ, այնպես անենք, որ ավագանին չքվեարկի, որեւէ կերպ հաջողություն չի եղել: Դրա համար այս անգամ որոշեցինք ավելի արմատական դիրքորոշում դրսեւորել: Եվ այդ պահին, եթե մեր ավագանու ներկա 4 անդամները դուրս էին գալիս, քվորումի հարց էր առաջանում: Եվ դրա համար որոշեցինք պայման առաջադրենք, որ եթե այդ հարցերը չեն հանվի օրակարգից մենք դուրս կգանք: Ուղղակի իրենք էլ էին հաշվել, որ պակասող անդամներ ունեն եւ մեր դուրս գալուն զուգահեռ համալրեցին մարդկանց թիվը»:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով ժողովրդի մոտ իրենց խմբակցության նկատմամբ բացասական կարծիք է ձեւավորվում. «Քաղաքում, թե՛ ավագանու ներսում, թե՛ համայնքային ծառայողների մեջ, թե՛ մեր բնակչության շրջանում այնպիսի մտայնություն կար, որ քաղաքի ավագանին իրավունք ունի ինչ-որ մարդկանց նվեր տալ՝ քաղաքի հաշվին: Այն պարագայում, որ այդ մարդիկ իբր գնահատելով տարբեր վանաձորցիների վաստակն ու ներդրումը քաղաքի զարգացման մեջ, ցանկանում են այդ մարդկանց ինչ-որ կերպ լավություն անել, բայց չգիտես ինչի՞ լավություն չեն անում իրենց սեփականության հաշվին: Այսինքն, ոչ մեկն իր սեփական ավտոն նվեր չի տալիս այդ մարդկանց, ոչ մեկն իր սեփական հողամասից ինչ-որ նվերներ չի տալիս, բայց այ ուրիշի ունեցվածքը, որը համայնքինն է, նվեր տալը որեւէ մեկի համար կարծես թե խնդիր չէ: Ու քաղաքում ստեղծվում է տպավորություն, որ այս մարդիկ կողմ են նվիրատվությանը, իսկ այն խումբ մարդիկ դեմ են: Հետեւաբար իրենք հանդես են գալիս եւ այսպես ասած ուզողներ, իսկ «Լուսավոր Հայաստանը» բարձրաձայնում է դրա մասին, մենք դառնում ենք չուզողներ եւ վատամարդ», ասում է Մարուքյանն ու հավելու, որ իրենք այս հարցում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում. «Ամենաակտիվ ու բանուկ տարածքից գույքահարկ զիջել այն պարագայում, երբ որ մնացած բոլոր դեպքերում այդ գույքահարկը մինչեւ վերջ գանձվում է՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի գործունեություն է ծավալվում: Մարդկանց ու քաղաքի համար վատ նախադեպ է ստեղծվում: Քաղաքի ամենաբանուկ հատվածում բիզնես եւ բնակելի տարածք շահագործող ընկերությանը զիջել գույքահարկ, այդտեղ ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր: Որովհետեւ ենթադրում եմ, որ ինչ-որ բանի դիմաց քաղաքապետարանի կամ համայնքային ծառայողները փորձել են մարդկանց քաղաքի հաշվին լավություն անել՝ զիջելով իրենց գույքահարկը: Եթե մենք դեմ ենք քվեարկել նաեւ մեր «Դվարեցի» գույքահարկի պարտքը ներելու հարցին, հետեւաբար ոչ մի տրամաբանություն չկա բիզնեսային տարածքի դեպքում գույքահարկի ներումն ընդունելի դարձնել:

Սկզբունքային հարց էր եւ մենք ներկայացրեցինք, որպեսզի նաեւ հանրությունը դրա մասին իմանա, որովհետեւ հակառակ պարագայում առանց քննարկման, առանց դրա մասին լուսաբանման մարդիկ իրենց վստահված 5 տարվա իշխանությունն այդ կարգի բաներով վատնում են, այսպես ասած՝ քաղաքի սեփականությունը սրան-նրան նվիրելով»:

Թեեւ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը, այնուամենայնիվ ավագանին հարցը դրեց քննարկման եւ 215 քառ. մ մակերսով սպորտային դահլիճը նվիրաբերեց Վալերիկ Ժամհարյանին: Բացի այդ, ավագանին որոշեց նաեւ Վանաձորի նորակառույց շենքի նկատմամբ մոտ 3 մլն 700 հզ դրամի գույքահարկի արտոնություն սահմանել: Հիշեցնենք, որ նշված տարածքը փոխկապացվում է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի անվան հետ:

Առաջիկայում հարցի վերաբերյալ կներկայացնենք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դիրքորոշումը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031