Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, որ մոտ 20 օր առաջ հրավիրվել էր ԱԱԾ, այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ կրկին այցելել է այդ կառույց եւ ներկայացրեց շարժառիթը: «Մոտավորապես փետրվարի 20-ին համացանցում, մասնավորապես, ֆեյսբուքում իշխանամետ արբանյակներից «Հեղափոխության պահապանների» խմբակը իմ հասցեին տարածվեց զարհուրելի ստահոդ զրպարտություն, իբր լուր, թե ԱԱԾ-ն պետական դավաճանության հոդվածով իմ նկատմամբ քրեական գործ է հարուցել եւ իբր, ես Ադրբեջանին ինչ-որ ինֆորմացիա եմ վաճառել: Սկզբում հումորով վերաբերվեցի, թեեւ ցավալի էր իմ համար: Սպասեցի, որ առանց իմ մասնակցության քրեական գործ կհարուցվի: Դա տեղի չունեցավ: Բայց հետո հասկացա՝ բավականին մարդիկ կան, որոնք դա տարածում են:
Ստիպված եղա գլխավոր դատախազին ինքս դիմել, հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, նշել որ հոդվածներով եւ պահանջել փաստացի քրեական գործ հարուցել սուտ մատնության հետ կապված: Գործը ուղղվեց ԱԱԾ: Երեկ գնացի, բացատրություն տվեցի: Այս պահի դրությամբ գործն ընթացքի մեջ է, եւ ես գրեթե վստահ եմ, որ քրեական գործը կհարուցվի: Սա պետք է դառնա արդեն պրակտիկա: Երբ մենք ուշադրություն չենք դարձնում, բանի տեղ չենք դնում, հասկանալի է, դառնում, որ իրենք առիթից օգտվելով մարդուն զրպարտելու, վարկաբեկելու հիմար փորձեր են անում: Օրինակ, ինձ համար համբավի բավականին լուրջ վնաս է: Երբ ինչ-որ մարդիկ իմ մասին սուտ լուրեր են տարածում եւ դա պարտադիր պետք է հերքվի: Այս պրոցեսին ես հետեւողականորեն մինչեւ վերջ հետեւելու եմ, որպեսզի բոլորը ստանան ըստ օրենքի իրենց պատիժը»,-ասաց տիկին Էլիբեգովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ