Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշորացված Տաթեւը. Ի՞նչ տվեց խոշորացումն այդ ութ գյուղերի բնակիչներին. (Ֆոտոշարք)

Մարտ 23,2021 19:33

Վեց տարի առաջ՝ մեր երկրում տեղի ունեցավ 3 փնջերի խոշորացումը՝ Դիլիջան, Թումանյան, Տաթեւ: Սյունիքի մարզի Տաթեւ համայնքն իր շուրջը միավորեց եւս յոթ գյուղեր` Հարժիս, Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Քաշունի, Տանձատափ: Խոշորացված Տաթեւում այսօր ապրում է մոտ 6 հազար բնակիչ: Ութ բնակավայրերից վեցն ունի մինչեւ 1000 բնակիչ: Տաթեւին միավորված ամենափոքր համայնքը Քաշունին է` 7 բնակչով: Մինչ խոշորանալն այսքան քիչ թվով բնակիչների համար էլ գյուղն ունեցել է գյուղապետարան, գյուղապետ, հաշվապահ, գրադարանավար, եւ քանի որ Քաշունին սեփական եկամուտներ ընդհանրապես չի ունեցել, 2,5 միլիոն դրամ էլ պետությունից դոտացիա է ստացել:

«Աշնանը, երբեմն, խնդիրներ էին առաջանում. տեխնիկայի բացակայության պատճառով բերքը ձյան տակ էր մնում, բայց այսօր այդ խնդիրը չունենք: Մինչ մեզ մոտ բերքը կհասունանա, մեր կոմբայնները վարձակալությամբ տալիս ենք հարեւան համայնքներին, որից մեր բյուջե գումարներ են գալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Տաթեւ համայնքի արդեն նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Նրա լիազորությունները այս տարվա փետրվարի 23-ին ավարտվել են:

Համայնքների խոշորացման հիմքը դրվեց 2011-ին, երբ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Նպատակն այն էր, որպեսզի համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցվեն, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսները` մարդկային, ֆինանսական, հողային, առավել արդյունավետ օգտագործվեն:

Մուրադ Սիմոնյանի խոսքով, փոքր գյուղերը 2,5 միլիոն դոտացիա են ստացել, բայց որեւէ հիմնախնդիր չեն կարողացել լուծել, որովհետեւ չունեին սեփական եկամուտներ: Խոշորացման արդյունքում Տաթեւի բյուջեն տնտեսումներ էլ ունի: Մուրադ Սիմոնյանն ասում է՝ միավորման արդյունքում աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է. տարեց-տարի ի հայտ են բերում հարկերից խուսափողներին, սեփական եկամուտներից տնտեսումներ են անում, ինչի շնորհիվ էլ կարողանում են օգտվել կառավարության առաջարկած սուբվենցիոն ծրագրերից:
Անցյալ տարի համայնքը սեփական եկամուտներից եւ տեխնիկայի մուտքերից կարողացել է 20 միլիոն դրամի տնտեսում անել:

Հիշեցրինք, որ առաջին փուլում խոշորացվող համայնքներին անգամ ներդրումներ խոստացան: Արդյոք եղա՞ն այդ ներդրումները, համայնքներում ինչպիսի՞ խնդիրներ լուծեցին, խոշորացումն ի՞նչ տվեց՝ Aravot.am-ի հարցերին ի պատասխան, Մուրադ Սիմոնյանն ասաց՝ «Համայնքներում չլուծված հիմնախնդիրներ շատ կան. միջհամայնքային ու միջգյուղական ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջրագիծը վնասված էր, կոյուղու խնդիր կար, ջուրը բնակիչներին գրաֆիկով էր տրվում, սակայն այդ խնդիրներն աստիճանաբար լուծվում են»: Բայց, ըստ մեր զրուցակցի, ներդրումները ոչ թե վերը թվարկած խնդիրների լուծմանն ուղղվեցին, այլ համայնքի համար տեխնիկայի ձեռք բերմանը:

«Բացի այն, որ Տաթեւը հունձը կազմակերպելու, հողը փորելու, ճանապարհը հարթեցնելու եւ համայնքի այլ կարիքների համար ավելորդ ծախսեր չի անում եւ տեխնիկան չի վարձակալում, մի բան էլ իրեն հատկացված տեխնիկայով բյուջե եկամուտներ է բերում: Կոմբայնները վարձակալությամբ տալիս է հարեւան համայնքներին` գոյացած միջոցներով էլ Տաթեւի այս կամ այն խնդիրը լուծում»,-ասում է Մուրադ Սիմոնյանը:

Խոշորացումը նպաստե՞լ է արտագաղթի կանխմանը մեր հացին, պարոն Սիմոնյանն ի պատասխան ասում է՝ Տաթեւում արտագաղթը չի ավելացել, բայց այնպես չէ, որ ներգաղթ է եղել: Ով գյուղից դուրս է եկել՝ չի վերադարձել, չնայած, որ հարեւան համայնքների համեմատությամբ, Տաթեւում զբոսաշրջության հաշվին աշխատատեղեր կան:

«Տաթեւ համայնքը տուրիզմի զարգացման կենտրոն է հանդիսանում: Մարդիկ սկսեցին տները վերանորոգել, հյուրատներ սարքել, մեկը առեւտուր է անում, համայնքի բնակիչները ճոպանուղում են աշխատում, մեկը տաքսի է քշում, յուրաքանչյուրը մի գործով զբաղվում է»,-ասում է Մուրադ Սիմոնյանը:

Ի՞նչ տվեց խոշորացումն այդ ութ գյուղերի բնակիչներին, արդյոք փոխվե՞լ է մարդկանց կյանքը՝ դիտեք Aravot.am-ի պատրաստած ֆիլմում:

Հեղինակ՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Օպերատոր՝ Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031