Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդում եմ՝ նման պայմանավորվածություն չի եղել, հետևաբար ԱԺ-ն գնում է այն ճանապարհով, որ նախագիծը լիագումար նիստերում առաջին, հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվի». Համազասպ Դանիելյանը՝ ԼՀԿ-ից հնչող պնդումների մասին

Մարտ 23,2021 19:11

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հավանականությունը մեծամասնությամբ կախված է քաղաքական ուժերի դիրքորոշումից»,- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկմանը հայտարարեց Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը:

Նա վստահեցրեց՝ գործող Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) բավական խիստ սահմանափակումներ է նախատեսում, որը նվազեցնում է կոալիցիաներ կազմելու հնարավորությունը: Այս առիթով նա պարզաբանեց. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ-ում չկա մի մարմին, որ լիազորություն ունի կոալիցիայի կազմման գործընթացի: Խորհրդարանական երկրներում նման մարմին կա, որպես կանոն՝ եթե միապետական համակարգ է, դա թագավորը կամ թագուհին է, կամ նախագահը: Առաջարկվում է որևէ ուժի ներկայացուցչի ձևավորել կոալիցիա: Դա կարող է լինել կարգավորում, որ գրված է, որ որևէ տեղ ֆիքսված չէ, բայց ունենք նաև բազմաթիվ դեպքեր, որտեղ ֆիքսված է, որ պետք է դա լինի հարաբերական մեծամասնություն ստացած ուժը»:

Համազասպ Դանիելյանը փաստեց՝ կոալիցիայի մաս չեն կարող կազմել երեքից ավելի ուժեր, ուստի հենց այս առումով է կարգավորումը խիստ: Նա նշեց՝ կա թվային և ժամանակային սահմանափակում, որ կարող են կոալիցիա կազմել ոչ ավել, քան երեք ուժեր և վեց օրվա ընթացքում: Փոփոխությունների մասին Համազասպ Դանիելյանն ասաց. «Մենք առաջարկում ենք՝ թվային սահմանափակումը վերացվի, ժամկետները երկարացվեն, որ խորհրդարանում հայտնված ուժերը ողջամիտ ժամկետ ունենան իրար հետ բանակցելու: Բանակցությունների մաս պետք է լինի նաև կառավարության կառուցվածքը. միայն վարչապետի հարցը չէ: Մանիպուլյացիա է արվում, որ ասվում է, թե ԸՕ-ն արգելում է ուժերին առաջին երկու շաբաթների ընթացքում բանակցել»:

Հարցին՝ ինչո՞ւ առավելագույն և քիչ ձայն հավաքած քաղաքական ուժերի՝ կոալիցիա կազմելու ժամանակը տարբեր է տրված, Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Ժամկետները տարբեր չեն: ԱԺ-ն ձևավորվեց, մանդատները բացվեցին, որևէ մեկը քաղաքական ուժերից, եթե ունի 54 տոկոս, այդ պահից սկսած կա 6 օր կոալիցիա կազմելու: Մեր առաջարկած փոփոխություններով 21 օր է, որից երկու շաբաթվա ընթացքում հարաբերական մեծամասնություն ունեցող ուժն իրավունք ունի կոալիցիա ձևավորել, մյուսները կարող են մյուս խաղացողների հետ բանակցել»:

Համազասպ Դանիելյանը, նաև հղում կատարելով միջազգային կառույցների պահանջներին, ասաց՝ կա առաջարկություն, որ ընտրական համակարգի կայունություն պիտի ապահովվի. այսինքն՝ ընտրություններից գոնե մեկ տարի առաջ հիմնական խաղի կանոնները պետք է փոխվեն ու մանրամասնեց. «Նկատի է առնվում ընտրակարգը, հանձնաժողովի կազմը և ընտրական տարածքների սահմանները: Կա այն հանգամանքը, որ այս փոփոխությունները շատ ավելի ընդունելի են այն պարագայում, երբ կա կոնսենսուս: Հենց սա է Իմ քայլի համար կարևոր, որ խորհրդարանում լինի կոնսենսուս: ԲՀԿ-ն հստակ դեմ չի արտահայտվել, անկախ պատգամավորների մի մասը, ներառյալ նրանք, որոնք կուսակցության ղեկավարներ են, Արման Բաբաջանյան, Տիգրան Ուրիխանյան, գոնե աշխատանքային քննարկումների ժամանակ կողմ են արտահայտվել այս փոփոխություններն: Հետևաբար` լինելու է քվեարկություն Իմ քայլ, պլյուս: Թե հանրային դիրքորոշումը, թե աշխատանքային քննարկումներն ինձ հույս են տալիս, որ Լուսավոր Հայաստանի մասով կարող են լինել համաձայնություն, ԲՀԿ-ի մասով վերջնականացված դիրքորոշում կարծես չկա»:

Aravot.am-ի հիշեցմանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ եթե «Իմ քայլն» առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության գնում է ԸՕ փոփոխությունների, նշանակում է՝ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպե՞ս կարձագանքեք Ձեր գործընկերոջ այս պնդմանը, Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Իրենք էլ են ասում, որ այդ պայմանավորվածությունը որևէ կերպ չի ներառել խաղի կանոնների մասով քննարկում: Եթե դա չի պայմանավորվել, ուրեմն բաց է մեկնաբանության համար: Ես պնդում եմ՝ նման պայմանավորվածություն չի եղել, հետևաբար ԱԺ-ն գնում է այն ճանապարհով, որ նախագիծը լիագումար նիստերում առաջին, հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031