Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից իրականացված հանրային կարծիքի հարցման արդյունքներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկմանն այս առիթով ԲՐԵՎԻՍ քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ներկայացուցիչ Դավիթ Էվոյանը մանրամասնեց. «Հարցման մասնակիցները հարցին՝ պիտի իրականացվե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հարցման մասնակիցների 55 տոկոսը գտնում է, որ նման ընտրություններ պետք են: Մյուս հարցին՝ ե՞րբ պիտի տեղի ունենան արտահերթ ընտրությունները, հարցման մասնակիցների 57 տոկոսը պատասխանել է՝ 2021-ի գարնանը»:
Այն հարցին, թե ո՞ր դեպքում կվստահեիք ընտրությունների արդյունքներին, ըստ հարցման արդյունքների՝ 62 տոկոսը պատասխանել է՝ կվստահեին ներկայիս կառավարության՝ ընտրությունների անցկացման պարագայում:
Հարցման մասնակիցների 74 տոկոսը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն:
Կարդացեք նաև
ԲՐԵՎԻՍ քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ներկայացուցիչ Հասմիկ Առաքելյանը տեղեկացրեց՝ հարցումն իրականացվել է փետրվարի 8-16-ը 18 տարին լրացած 1529 հարցվողների շրջանում: Սխալի մակարդակը չի գերազանցում 2,5 տոկոսային ընտրանքը: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հայտարարությունները, թե հարցումն այնքան էլ ճիշտ չի ներկայացնում իրավիճակը, նա պատասխանեց. «Վստահեցնում եմ՝ ներկայացրել ենք քաղաքացիների իրական կարծիքը: Որևէ կերպով հարց տվողը, ոչ էլ այլ անձնավորություն ազդեցություն չի ունեցել հարցվողի կարծիքի վրա»:
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը կարևոր համարեց մադկանց ընկալումը, թե ինչ կարգի բարեփոխումներ ենք ուզում տեսնել՝ ֆինանսական թափանցիկության և կուսակցությունների հաշվետվողականության առումով: Նա ասաց. «Բարեգործության արգելումը և ավելի խիստ սահմանափակումները, որ մեծ տոկոս հարցվածներ սատարում են նմանատիպ փոփոխություններին: Հետաքրքիր էր նաև առանցքային ընտրական համակարգի ընկալումը, թե ինչպես է մարդու քվեն դառնում մանդատ: Այս պարագայում տեսնում ենք, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 90 տոկոսը, չի հասկանում՝ ինչպես է քվեարկում ինքը և ինչպես է քվեն տեղաբաշխվում: Սա ռեյտինգային խառը համակարգի խնդիրներից մեկն է: Առաջարկվող փոփոխությունները փորձում են այս հարցը լուծել՝ անցնելով հարյուր տոկոսանոց պարզ համամասնական համակարգի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ