Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքեր են Նիկոլից գոհ

Մարտ 23,2021 17:57

Կարծես այնքան էլ բարդ հարց չէ։ Սկսենք թվարկել։

Առերևույթ Նիկոլից (նրա քաղաքականության ու գործունեության արդյունքներից) գոհ են Ի. Ալիևը և Ռ. Էրդողանը։ Ինչո՞ւ։ Դա այնքան ակնհայտ է, որ բացատրելու կարիք չկա։

Այլ հարց է, թե ինչու Նիկոլի քաղաքականությունը պատուհաս դարձավ մեր երկրի ու ազգի գլխին։ Դավաճանությո՞ւն էր դա, անխուսափելի պատիժ գունավոր հեղափոխության ու հակառուսության համա՞ր, թե՞ ծայրահեղ ապաշնորհություն ու ապիկարություն։ Համենայն դեպս Նիկոլի ամենահարմար զուգահեռը Ադրբեջանի երբեմնի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն է, որի ընդգծված հակառուս քաղաքականության «շնորհիվ» մենք հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում, և առժամանակ մեզ հանձնվեցին ազատագրված տարածքները՝ երբևէ վերադարձնելու պայմանով։

Ավելի հաճույքով զուգահեռ կտանեի Վրաստանի երբեմնի նախագահ Սահակաշվիլիի հետ, որ իր գլխավորած գունավոր հեղափոխությամբ նույնպես տարածքային կորուստներ պատճառեց իր երկրին, բայց նա, ի տարբերություն Նիկոլի, կարողացավ գոնե վճռական հարված հասցնել կոռուպցիային ու հանցագործությանը և զարկ տալ տնտեսությանն ու իրական ժողովրդավարությանը։

Նիկոլից (ու նախագահ Արմեն Սարգսյանից) գոհ է նաև Միացյալ թագավորության՝ թուրքական արմատներով վարչապետ Բ. Ջոնսոնը, բայց ոչ այնքան թուրքական արմատների պատճառով, որքան Նիկոլի «բարեկրթության», որ փորձ անգամ չարեց շարքից հանելու Բաքու – Ջեյհան նավթամուղը։ Սակայն դաժան պատերազմին անհարիր այդ սեթևեթանքի համար անգլիացիները հրապարակորեն շնորհակալություն հայտնեցին ոչ թե Նիկոլին կամ Արմեն Սարգսյանին, այլ … Ադրբեջանի վարչապետին…

«Գրավյալ» տարածքների անխուսափելի հանձնմանը ականատես միջազգային հանրությունը, ճիշտ է, լռեց, բայց չենք կարծում, որ գոհունակությամբ էր հետևում Նիկոլի բերած պատուհասի հետևանքով ադրբեջանցիների անլուր վայրագություններին, վանդալիզմին, պատերազմական ամենաբազմազան ու չվերջացող հանցագործություններին։ Գոհունակությամբ հետևելու համար առնվազն պիտի ադրբեջանցի կամ թուրք լինես (ոչ այնքան ազգությամբ, որքան ցեղասպան հոգեկերտվածքով)։

Հակամարտության նկատմամբ Վրաստանի կեցվածքը պարզապես չենք ուզում վերլուծել։

Պատերազմի հանգուցալուծումից, կարծում ենք, դժգոհ են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Մինսկի խումբը։ Այլ երկրների վերաբերմունքը հետաքրքիր չէ։ Ամեն մեկն իր շահերն ու հաշվարկներն ունի…

Այժմ անցնենք մեր երկրի հանրությանը։

Բոլոր կարգի ընդդիմադիրները, հականիկոլականները քսանչորսժամյա աշխատակարգով ամեն աստծու օր հայտարարում են Նիկոլից իրենց դժգոհության ու նրա նկատմամբ ատելության մասին՝ պահանջելով նրա անվերապահ հրաժարականը։ Նրանց թվում են վարչական ու հասարակական կառույցներ, եկեղեցին, զինված ուժերի վերնախավը, երկրի նախագահը, հայտնի մտավորականներ…

Հականիկոլական ցույցերին մասնակցում է ոչ պակաս բազմություն, քան նիկոլական ցույցերին։ Ակնհայտ է, որ Նիկոլին մերժողների քանակը մի քանի անգամ ավելին է, քան տեսնում ենք փողոցում։ Նրանց մեծ մասի կրավորականության գլխավոր պատճառը հականիկոլական ցույցերում 3 տարի առաջ մերժված նախկինների ամենաատելի դեմքերի առատությունն է։ Ամեն մարդ ի վիճակի չէ իր թքածը լիզելու։ Այդ ատելի դեմքերը չգիտես գիտակցաբար, թե ակամա նպաստում են Նիկոլի խախուտ դիրքերի երկարաձգմանը։ Նրանք եթե իրենց տաքուկ տներից դուրս չգային, հականիկոլական շարժումը զանգվածային ու անկասելի ընթացք կստանար և գուցե արդեն հանգուցալուծված լիներ…

Մնացին նիկոլական ցույցերի մասնակիցները։ Կասկած լինել չի կարող, որ նրանց մեծ մասը հարկադրված է մասնակցում ցույցերին (ի պաշտոնե, հանուն կարիերայի և այլն)։ Դրանց շարքում է հենց իմքայլական պատգամավորների և Նիկոլի կուսակիցների մեծ մասը (հուսով ենք)։

Իսկ նրանք, ովքեր խանդավառությամբ ու անկեղծ սիրով են աջակցում Նիկոլին, խնդիր ունեն բացատրելու, թե ինչից են գոհ։

Արդյոք նրանից, որ խայտառակ պարտություն կրեցինք ու անսահման նվաստացանք թշնամու առաջ։

Արդյոք նրանից, որ հայ – ադրբեջանական վերջին բախումը փաստորեն դեռ շարունակվում է, և կանխատեսումները մեզ համար խիստ բացասական են։

Արդյոք նրանից, որ դեռևս պարզ չէ, թե էլ ինչ տարածքներ ու արժեքներ է Նիկոլը գաղտնի խոստացել հանձնել թշնամուն, կամ լավագույն դեպքում ի վիճակի չէ դրանց տիրություն անելու։

Արդյոք նրանից, որ մեր հանրության առաջ հոխորտացող Նիկոլը քնձռոտ փալաս դարձավ, որի վրա դեռ իրենց կոշիկներն են սրբում Ալիևն ու Էրդողանը։

Արդյոք նրանից, որ առնվազն 5 հազար անմեղ ու խաբված պատանիների զոհ տվինք Նիկոլի հրահրած պատերազմի մսաղացին։

Արդյոք նրանից, որ Նիկոլի կառավարությունը չի կարողանում վերադարձնել մեր գերիների մեծ մասին։

Արդյոք նրանից, որ թշնամուն անվերապահ ու լիակատար հանձնված Նիկոլը պարծենում է, որ «չի հանձնվի» իր դեմ ծավալվող, իրեն մերժող շարժմանը, թեև խոստացել էր ականջալուր լինել ժողովրդի ձայնին։

Արդյոք նրանից, որ երկրում նախկինի պես ամբողջ թափով վերականգնվում է առժամանակ նվազած կոռուպցիան։

Արդյոք նրանից, որ երկրի տնտեսությունը կործանման եզրին է։

Արդյոք նրանից, որ նոր թափ է հավաքում արտագաղթը։

Արդյոք նրանից, որ իշխանությունները քանդում են երկրի վարչական, հասարակական, գիտական և այլ աչքի ընկնող կառույցները։

Արդյոք նրանից, որ իմքայլական իշխանությունների կողմից համակարգային հարձակում է սկսվել մեր ազգային ինքնության, մեր մշակույթի ու լեզվի դեմ։

Արդյոք նրանից, որ Արցախի (հատկապես Շուշիի) կարևոր մշակութային արժեքները պատերազմի ընթացքում տարհանելու փոխարեն նվեր տրվեցին ադրբեջանցիներին։

Արդյոք նրանից, որ հայ – ադրբեջանական սահմանին չկա անվտանգության ապառազմականացված գոտի, և թուրք զինված սահմանապահները կանգնած են հայերի տներից մետրերի վրա։

Արդյոք նրանից, որ վերջին երեք տարում Հայաստանը շարունակաբար փչացնում է հարաբերությունները իր բոլոր դաշնակից ու բարեկամ երկրների հետ, ինչպես նաև մեզ համակրող և մեր նկատմամբ չեզոք երկրների հետ, այսինքն՝ գահավիժում է քաղաքական ու դիվանագիտական մեկուսացման անդունդը։

Արդյոք նրանից, որ Նիկոլը «Իսկանդերից» «կրակեց» ոչ թե իր պատերազմական թշնամի Ադրբեջանի, այլ իր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վրա։

Արդյոք նրանից, որ Հայաստանի ինքնիշխանությունը լրջորեն վտանգված է, իսկ դրա գլխավոր երաշխավորը՝ վարչապետը, ոչ մի հուսադրող քայլ չի անում։

Արդյոք նրանից, որ հետևողականորեն վարկաբեկվում է ազգային բարեգործություն գաղափարը (Նիկոլի նախաձեռնությամբ հեղինակազրկվեց «Հայաստան» հիմնադրամը, ուժային կառույցների քթի տակ պղծվեցին հայ բարեգործների ծառուղու հուշարձանները)։

Արդյոք նրանից, որ…

Այս հռետորական հարցերի շարքը, ցավոք, թվում է անվերջ, և ակնհայտ է, որ խելքը գլխին ոչ մի հայ չի կարող անկեղծորեն դրական արձագանքել դրանց։

Ինչ վերաբերում է «Թուրքը մեր տուն էլ մտնի, մեկ է, ես Նիկոլի ցավը տանեմ» ասողներին, ապա եթե նրանք չեն զառանցում, ապա առնվազն լրջորեն շահագրգռված են։

Վա՜յ նրանց, ովքեր պատրաստ են «30 արծաթով» վաճառելու Հայրենիքը կամ նրա թեկուզ մի հատվածը…

Վա՜յ նրանց, ովքեր պատրաստ են իրենց մեղքերը արդարացնելու համար փնովելու Հայրենիքը կամ նրա թեկուզ մի հատվածը…

Վա՜յ նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս թքելու սեփական ազգային արժեքների կամ դրանցից թեկուզ մեկի վրա…

Ժաննա ԶՈՀՐԱԲՅԱՆ

մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031