2020թ փետրվարի 5-ին կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի «Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դարի II կես – V դարի I քառորդ)» թեմայով ատենախոսության պաշտպանությունը` ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդում: Պարոն Հովհաննիսյան դոկտորական ատենախոսության վերաբերյալ հետաքրքրությունը չի նվազում առայսօր:
Դեռեւս 2020թ հունիսի 10-ին ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանից Aravot.am-ը հետաքրքրվել էր Հովհաննես Հովհաննիսյանի աղմուկ հանած աշխատանքով, Սմբատ Գոգյանն էլ պատասխանել էր, թե նա պաշտպանել է հին կանոնակարգի ձեւակերպման պահանջներով, եւ այդ առումով դա իրեն բավարարում է:
Aravot.am-ը նաեւ ԲՈԿ-ին էր գրավոր հարցում ուղարկել Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի վերաբերյալ, խնդրել էինք պատասխանել մի քանի հարցերի: Մասնավորապես նշել էինք, որ մինչեւ 2015թ. գործել է հետևյալ կանոնը՝ «դոկտորական աստիճանի համար, եթե նախկինում նախատեսվում էր 5 գիտական հոդվածի հրապարակում արտասահմանյան պարբերականներում` առանց մասնավորեցնելու, թե որ պարբերականների մասին է խոսքը, ապա այժմ պայմանը հետևյալն է՝ 5 գիտական հոդված` դարձյալ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում»: Այնուհետև պահանջները հստակեցվել են՝ «Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 20 գիտական հոդված, այդ թվում` առնվազն 5-ը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում»: Խնդրել էինք պատասխանել, թե ինչ կանոնի համաձայն են հաստատել դոկտորի աստիճանը: Քանի որ ըստ կանոնակարգի, բոլոր ամսագրերը հրապարակման պահին պետք է ընդգրկված լինեին ԲՈԿ ցուցակում, խնդրել էինք նաեւ տեղեկացնել, թե Հովհաննիսյանի ներկայացրած աշխատանքները ներառող ամսագրերից որոնք են ընդգրկված ԲՈԿ-ի ցուցակներում:
Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպանության ժամանակ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Ա. Բալյանը դիսերտանտի նվաճումները թվարկելիս նշել էր, որ նա ունի ավելի քան 40 գիտական հոդվածներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, իսկ մեզ չէր հաջողվել գտնել այդ հոդվածները, ԲՈԿ-ից հետաքրքրվել էինք՝ արդյոք դիսերտա՞նտն է ներկայացրել նման փաստաթուղթ՝ ինչը ընթերցել է գիտական քարտուղարը:
Կարդացեք նաև
ԲՈԿ նախագահի պարտականությունների կատարող Լիլիթ Մկրտչյանի ստորագրությամբ ստացված նամակում ասվում է, որ սեղմագրում եւ ատենախոսության մեջ չի նշվում, թե որտեղ է հաստատվել թեման եւ որտեղ է տեղի ունեցել նախնական պաշտպանությունը: ԲՈԿ-ի պատասխանում նաեւ նշվում է. «Ըստ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 10-րդ կետի , եթե դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015թ մարտ ամիսը, եւ դոկտորական ատենախոսությունը մինչեւ 2018թ մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել, ապա նման դեպքերում գործում է նախկին կարգը, այն է` առնվազն 20 գիտական հոդված, այդ թվում` հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում 2 հոդված օտարերկրյա պետություններում տպագրվող գիտական հրատարակություններում:
Մենագրության դեպքում հոդվածների թիվը կրճատվում է մինչեւ 15: Հովհաննես Հովհաննիսյանն ունի 1 մենագրություն, 18 հոդված, այդ թվում` 5-ը օտարերկրյա պետությունների գիտական հանդեսներում կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Հովհաննես Հովհաննիսյանի գիտական ատենախոսության թեման հաստատվել է 2014թ հունիսի 16-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի գիտական խորհրդում, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018թ փետրվարի 7-ին` սահմանված կարգով եւ ժամկետների պահպանմամբ, այդ դեպքում պարտադիր չէ հոդվածներ տպագրել Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններում»:
ԲՈԿ-ից նաեւ պատասխանել են, որ Հովհաննես Հովհաննիսյանի հայերեն գիտական աշխատանքները հրապարակման պահին տպագրվել են ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Ինչ վերաբերում է 068 մասնագիտական խորհրդի նախագահի կողմից դիսերտանտի գիտական կենսագրության ներկայացմանը, այս մասին էլ ԲՈԿ-ից հետեւյալ կերպ են պատասխանել. «ԲՈԿ-ը չունի իրավասություն պահանջելու որակավորման գործի ուսումնասիրության համար առնչություն չունեցող լրացուցիչ փաստաթղթեր, հոդվածներ, ստուգել դրանց իսկությունը»:
Այն հարցին էլ, թե ինչ կանոնի համաձայն է հաստատվել Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորի աստիճանը, ԲՈԿ-ից պատասխանել են, որ ԲՈԿ-ը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով, Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ