«Ներկայումս Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում: Հատկապես դա նկատվում է Սուրենավանի հատվածում: Մինչեւ ամսի 25-ը տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա ասաց, որ ցրտահարման ռիսկերը, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի փոքր-ինչ մեծ են, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է ցրտահարություն լինի: Ըստ Գագիկ Սուրենյանի, նման վտանգի դեպքում «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն» ազգաբնակչությանը տեղյակ կպահի:
Այս պահին եղանակային պայմանները դրական ազդեցություն են թողնում հատկապես աշնանացան ցորենի եւ գարու վրա, որովհետեւ, Գագիկ Սուրենյանի խոսքով, լեռնային շրջաններում դեռեւս պահպանվում է ձնածածկույթը, որը թույլ չի տա ջերմաստիճանի անկման պայմաններում աշնանացան ցորենը եւ գարին վնասվեն:
Նա նաեւ ասաց, որ հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար:
Կարդացեք նաև
Հարցին՝ այնուամենայնիվ առաջիկայում ջերմաստիճանի անկումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել արդեն ծաղկած ծիրանենիների վրա, Գագիկ Սուրենյանը պատասխանեց, որ որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Բայց, ըստ նրա, ջերմաստիճանի անկումը լինելու է կարճատեւ, տևելու է մի քանի ժամ եւ չի հասցնելու մեծ վնասներ պատճառել բերքին. «Փորձը ցույց է տվել, որ -1-ի պարագայում առանձնապես մեծ վնաս չի հասցվում ծիրանենիներին: Ես շատ լավ հիշում եմ 2016 թվականը, երբ ջերմաստիճանը երկու օր իրար հետեւից իջավ մինչեւ -3-4 աստիճան, բայց առանձնապես վնաս չտվեց, որովհետեւ կարճ տեւեց»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ