«Դուք ակտիվ մասնակցել եք ռուսական կողմի հետ բանակցություններին։ Ի՞նչ է լինելու Սոթքի ոսկու հանքի շահագործման ճակատագիրը։ Մոտ հազար բնակիչ էր աշխատում այդտեղ միայն Վարդենիսի տարածաշրջանից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանից հետաքրքրվեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այս պահին ամեն ինչ արվել է, եւ դեռ շարունակվում է արվել։ Ամեն շաբաթ հանդիպումներ եւ քննարկումներ են ընթանում, որպեսզի հանքի շահագործումը չդադարեցվի, այսինքն՝ հանքավայրը շահագործվի ոչ թե առաջիկա մեկ-երկու ամսում, այլեւ հետագա տարիներին՝ մեր օրենսդրության տառին համահունչ։ Սրանից բխում է սոցիալական բաղադրիչը»,-պատասխանեց Լիլիա Շուշանյանը։
Նրա բնորոշմամբ՝ եթե հանքի աշխատանքը շարունակվում է, պահպանվում է աշխատողների հիմնական կազմը․ «280 հոգի հնարավոր է՝ խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված, բայց այս պահին նրանք դեռ ազատված չեն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի իննի փաստաթղթով Քարվաճառը, որի սահմանագոտում գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, անցավ Ադրբեջանի օկուպացիայի ներքո, եւ հանքի վարչական տարածքի մի մասը տնօրինում է ադրբեջանական կողմը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ