Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինության հետեւանքով Հայաստանը Արաքսի, Ախուրյանի հատվածում ունի ջրային ռեսուրսների խնդիր: Այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում պարոն Ազիզյանը նշեց, որ հենց դրանով էլ պայմանավորված Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 միլիոն խմ պակաս ջուր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընդհանուր առմամբ, հանրապետության 5 խոշոր ջրամբարներում, այսօրվա դրությամբ, 74 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր է ամբարված, քան անցյալ տարի: Ըստ Լեւոն Ազիզյանի, Սեւան լճի մակարդակը 1900 մետր 60 սանտիմետր է, 15 սմ-ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
«Նույն պատկերն ունենք նաեւ Արաքս գետի ավազանում: 2012 թվականից սկսած, Թուրքիայի տարածքում ջրամբարների կառուցմամբ պայմանավորված, Արաքս գետի ջրային ռեսուրսները նվազել են 30-40 տոկոսով»,-ասաց նախարարության մասնագետը: Նրա տեղեկացմամբ, 1994 թվականից ի վեր, գրեթե բոլոր տարիներին նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում, ինչի հետեւանքով ջրային ռեսուրսները խոցելի են դարձել. «Քանի որ ջերմաստիճանը բարձր է, լեռնային հատվածներում տեղումները հիմնականում լինում են անձրեւի տեսքով: Ունեցել ենք տարիներ, որ մինչեւ 2000, 2100 մետր բարձրության վրա ձմեռային ամիսներին անձրեւ է եկել: Ձնակուտակման պրոցեսը քիչ է տեղի ունենում: Համաձայն կանխատեսումների, մենք 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն, նվազում մոտ 15 տոկոսով, 2070 թվականին 20-25 տոկոսով նվազում է կանխատեսվում»:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ Երեւանում նույնպես գրեթե ամեն տարի շարունակական գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան. «Մենք շարունակական ունենում ենք +40 եւ ավելի ջերմաստիճան, բայց Երեւանի կլիման այդպես չի եղել: Երբ վերլուծում ենք մինչեւ 2000 թվականի ցուցանիշները, տեսնում ենք, որ +40 Երեւանում 5 տարին մեկ էր գրանցվում: Դրանից հետո տեսնում ենք, որ մենք ունենում ենք 10, 15, նույնիսկ 2018 թվականին 20 օր շարունակ +40, +41, +42 աստիճան տաքություն: Իհարկե, քաղաքի կանաչապատ տարածքի կրճատումը նույնպես իր ազդեցությունը թողնում է, սակայն այդ երեւույթը հանրապետության ամբողջ տարածքում է նկատվում»:
Գագիկ Սուրենյանի խոսքով, օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումը բերում է ջրային ռեսուրսների խնդիրների, երաշտների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ