«Կարծում եմ, որ իշխանություններն ունեին բավարար ժամանակահատված մինչ նախանախընտրական գործընթացը «Ընտրական օրենսգրքում» անել բավարար չափով փոփոխություններ, որպեսզի իրենց երազանքների եւ սրտի օրենսգրքով գնային ընտրությունների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա գտնում է, որ այս շտապողականության պայմաններում միգուցե մակերեսային մոտեցում լինի ԸՕ-ին, ուստի նպատակահարմար չէ այն փոխել:
Տոնոյանն ասաց, որ քաղաքական դաշտում կա կոնսենսուս հունիսի 20-ին գնալ ընտրությունների ու այս 2 ամսում «Ընտրական օրենսգրքի» քննարկումների մեջ մտնելը ճիշտ չէ: Պետք է կամ թերի օրենսգիրք ունենալ կամ «ծածկադմփոցով» ընդունել դրույթներ, որոնք իշխանության քիմքին են հաճո:
Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք չեն ասում՝ փոխեք օրենսգիրքը կամ մի փոխեք, ուղղակի չեն մտնում բովանդակային քննարկման դաշտ:
Հարցին՝ ժամանակին կողմ եք եղել փակ համամասնականին, հիմա կո՞ղմ եք՝ Տոնոյանը պատասխանեց, որ հիմա ժամկետների խնդիր ունեն, ուստի կանանց մասնակցության, ընտրակարգի կամ այլնի հետ կապված բովանդակությունը չեն քննարկելու:
Կարդացեք նաև
Որպես նախկին լրագրող, Տոնոյանին հարցրեցին՝ հիշո՞ւմ եք նախկինում դեպք, երբ լրագրողներին նման ձեւով ճնշեն, ինչ այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ պատասխանեց, որ իր համար անընդունելի է այդ գործելաոճը, որը որդեգրվել է կոնկրետ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ. «Երիցս դատապարտում եմ, բացարձակ անընդունելի է: Նման դեպքերը պետք է մեր երկրում տեղ չունենային՝ սկսած նրանից, որ մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, եւ բացի դրանից, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունում լրագրողական հանրույթի բազմաթիվ ներկայացուցիչներ կան, պետք է, որ այս իշխանությունը լրագրողների հանդեպ բռնությունների կիրառման նախադեպերով հանդես չգար: Ես ցավ եմ ապրում»:
Նա խոսեց նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ խտրականությունից: Տոնոյանն ասաց, որ նախկինում չի հիշում դեպք, որ պաշտոնյան հարվածի լրագրողին, երկար տարիներ էլ ԱԺ աշխատանքները լուսաբանել է: Նա նույնիսկ պնդեց, որ «օդիոզ» դեմքեր նախկին խորհրդարանում եղել են, բայց որ ֆիզիկական բռնություն գործադրեին, նման դեպք չի հիշում: Մենք հիշեցրինք Ռուբեն Հակոբյանի դեպքը, որը բռունցքով հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող 8-9 տարվա վաղեմության իրադարձությունների մասով գնահատական տալ»: Ի դեպ, այդ դեպքը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում՝ 2016-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ