44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառներից մեկն, ըստ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի եւ Արցախի ՊԲ ղեկավար կազմի հաճախակի փոփոխություններն էին: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԳՇ պետի հերթական փոփոխությանը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մարդիկ լիարժեք չտիրապետելով իրականությանը, նաեւ չունենալով համապատասխան փորձ, հավանաբար, պատերազմական գործողությունների ընթացքում, նաեւ երկրի ղեկավարության հետ միասին աշխատանքի հետ համադրված, ճիշտ եզրակացություններ չեն կազմել եւ ճիշտ որոշումներ չեն ընդունվել: Երկրորդ, կադրային քաղաքականության շրջանակներում, ՀՀ ՊՆ-ում եւ Արցախի ՊԲ-ում ավանդույթներ են ձեւավորված եւ դրանք կադրային քաղաքականության պահանջների համաձայն են: Այսինքն` պաշտոններից ազատելուց առաջ ճշգրիտ նշվում են պատճառները: Բացի դրանից՝ ծառայողական քննություն է անցկացվում: Այդ ամենը չի արվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու ժամանակ: Բարոյականության այնպիսի ցածր աստիճան է, որ քո իսկ կողմից ազգային հերոսի կոչման ներկայացվածին առանց հրավիրելու, առանց հետը զրուցելու, գոնե իմանալու մանրուքները, դու ինչ-որ մի արտահայտության պատճառով ազատում ես պաշտոնից: Դա էլ հենց հիմքն է հանդիսացել այն վրդովմունքի, որն այսօր տիրում է հայկական բնակում, ԳՇ-ում»:
Նույնը, ըստ Սեյրան Օհանյանի, վերաբերվում է նաեւ ԳՇ պետին: Իսկ ստեղծված իրավիճակը, Սեյրան Օհանյանը համարում է « մեկ մարդու կամայականությունների արդյունքում ստեղծված իրավիճակ»:
ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմամբ բանակը կտուժի՞, թե՞ կշահի`հարցին Սեյրան Օհանյանն ասաց, որ չի կարող պատասխանել: Ապա հավելեց. «Փորձառության առումով, հատկապես զորամիավորման, բանակային կորպուսի ղեկավարման, ես գտնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փորձառու անձնավորություն է, այսօր նշանակված ԳՇ նոր պետը, որ այդ պաշտոնից ազատվել էր ինչ-որ պատճառով… բանակն այն կառույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, եւ այն պետք է գնահատի անվտանգության միջավայրը, սպառնալիքները եւ դրանից ելնելով կառուցի բանակի հետագա զարգացումը»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանի գնահատմամբ, բանակում կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը, որոշ մարտական զորամասերի կրճատումը, բացասական են ազդել մեր պաշտպանական խնդիրների իրականացման վրա`հատկապես հակառակորդի գլխավոր ուղղությունում:
«Ի՞նչ է նշանակում, երբ Հայաստանի այսօրվա ղեկավարը Մովսես Հակոբյանից ազատվում է, ասում է՝ ես ուզում եմ հներից բոլորից ազատվեմ: Պաշպանության նախարարը քաղաքական պաշտոն է, նախարարը պետք է լինի քաղաքական թիմի անդամ, իսկ Գլխավոր շտաբը ղեկավարում է զորային կառույցը, նա պետք է լինի անփոփոխ, ըստ իր ստորագրած պայմանագրի տարիների: Միաժամանակ փոխելով նախարարին եւ ԳՇ պետին, մենք բերում ենք նրան, որ մեկը կարող է ասել, որ նոր եմ նշանակվել, մյուսն էլ կարող է ասել՝ լիարժեք չեմ տիրապետում: Սրանով մենք ԳՇ պետի պաշտոնն էլ ենք քաղաքականացնում, դարձնում ենք քաղաքական թիմի անդամ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները`քիչ ուշ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ