«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ-ում էր: Լրագրողների հետ զրույցում նա նոր «Ընտրական օրենսգրքի» հետ կապված քննադատությունների առնչությամբ ասաց. «Մեր մոտեցումն այն է, որ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի այդ փոփոխություններն իրականացնելու»:
Նա նշեց, որ իշխանական թիմը կառավարության ծրագրով, 2018-ից սկսած խոսել է այդ մասին. «Այս ընտրությունները փոփոխված «Ընտրական օրենսգրքով» անցկացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը: Որովհետեւ քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք են քաղաքական տրամաբանության մեջ մրցապայքարի ընտրություններ: Եթե ընտրությունները լինեն ռեսուրսների՝ կրիմինալ, օլիգարխիկ, մեդիա, վարչական ռեսուրսների տրամաբանության մեջ, քաղաքական ճգնաժամի լուծում չենք ունենալու»:
Իոաննիսյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայիս դիրքորոշումն ԸՕ-ի վերաբերյալ տարակուսելի է, որովհետեւ Էդմոն Մարուքյանը 2018-ի նոյեմբերի 22-ին մեծ վստահությամբ պնդում էր, որ ժամկետները խնդիր չեն: Այն ժամանակ ընտրություններից 40 օր առաջ կողմ էր, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխվեր. «Էդմոն Մարուքյանը մեծ ուրախությամբ ասում էր, որ հիմա վերջապես շանս կա ազատվելու բիզնեսը քաղաքականություն բերող ռեյտինգային ընտրակարգից, պետք է դա անել, ոչինչ, որ օրենսգիրքը փոխվում է ընտրություններից 40 օր առաջ: Ակնհայտ հակասում է հիմա»:
Մեր դիտարկմանը, որ Մարուքյանը դա բացատրում է, որ այն ժամանակ հեղափոխության ամրապնդման խնդիր կար, վտանգ կար, որ ՀՀԿ-ն օլիգարխիայի միջոցով կվերընտրվի՝ Իոաննիսյանն էլ արձագանքեց, որ իրենք միշտ կողմ են եղել ռեյտինգային համակարգի վերացմանը. «2016-ին ես հիշում եմ, որ երբ «4+4» ձեւաչափով քննարկվում էր, Էդմոն Մարուքյանն ասում էր, որ ռեյտինգային ընտրակարգը չարիք է»:
Կարդացեք նաև
Իոաննիսյանը վստահեցրեց, որ ժամկետների հետ կապված խնդիր չկա, Վենետիկի հանձնաժողովն էլ է գտնում, որ ռեյտինգային համակարգը խնդիրներ է ստեղծում: Մեր դիտարկմանը, որ եթե Վենետիկի հանձնաժողովին հղում եք անում, մյուս կարծիքն էլ պետք է հաշվի առնեք, որ խաղի կանոնները պետք է փոխված լինեն եւ կանխատեսելի լինեն քաղաքական ուժերի համար ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ՝ Իոաննիսյանը վստահեցրեց, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ քաղաքական ուժերը կանխատեսում էին այս փոփոխությունը, որովհետեւ Սահմանադրությունը եւս դա է սահմանում:
Իոաննիսյանն ասաց, որ գործող օրենսգրքով, երբ կա ռեյտինգային ընտրակարգը, մարդիկ ընտրում են իրենց թաղի լավ տղային ու իրենց համար անհասկանալի է՝ ինչու է իշխանություն իրականացնում կուսակցությունը, ոչ թե թաղի լավ տղան: Հարցրեցինք՝ հիմա այս խորհրդարանը ռեյտինգային ընտրակարգով է ձեւավորված, թաղի լավ տղե՞րքն են ընտրվել՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, որոշակի առումով ազդեցություն է ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ