Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան․ «Իսկանդերի» պայթյունի արդյունքների մասին վարչապետին տեղեկություն կարող է հայտնել միայն Ադրբեջանը»

Մարտ 23,2021 16:36

««Իսկանդերի» մասին ինչ ասել եմ՝ փաստ է։ «Իսկանդերը» չի կարող կիրառվել եւ չպայթել: Կրած վնասների մասին տեղեկություն կարող է հաղորդել միայն հակառակորդը՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Նախ` այն տարածքը, որտեղ կիրառվել է «Իսկանդերը», հեռու տարածությունից լավ տեսանելի չէ: Երկրորդ՝ կիրառման օրը եղել է ամպամած եւ տեսանելիության խնդիր ենք ունեցել, ու ամենակարեւորը՝ այդ պայթյունի արդյունքում կրած վնասները կարող է հայտնել հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետագայում հետ չենք վերցրել, իսկ մենք այդ արդյունքները չենք արձանագրել։ Իսկ ես գիտեմ՝ որտեղ կիրառել ենք՝ մենք այդ տարածքները հետ չենք վերցրել եւ մենք արդյունքները չենք արձանագրել։ Եվ դա է նշանակում իմ հայտարարությունը, որ ասում եմ՝ այդ տեղեկությունը (նկատի ունի «Իսկանդերի» պայթյունի արդյունքը, Ն․Բ․) վարչապետին կարող է տրամադրել միայն Ադրբեջանը, որովհետեւ ուրիշ մարդ չի կարող արդյունքների մասին ասել»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ վարչապետն իր հարցազրույցներից մեկում պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահի՝ «Իսկանդեր» մասին հայտարարությանն, ասել էր՝ իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանի այս սկանդալային հայտարարության արձագանքելով, ռուսական կողմն էլ հայտարարություն տարածեց, որ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել, ապա դրան հաջորդեց վարչապետի խոսնակի հայտարարությունը․ «Վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։ Կրեմլին բավարարեց հայկական կողմի նման պարզաբանումը։

Ասուլիսում Մովսես Հակոբյանն անդրադառնալով այն տեղեկություններին, թե վարչապետը հանձնարարական է տվել վերադարձնել այն տարածքները, որոնք կորցրել ենք ապրիլյան պատերազմում, ասաց, որ դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը․ «Այդ օպերացիայի ժամանակ ես այնտեղ չեմ եղել եւ իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը, որովհետեւ այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, ես կանխել եմ: Այդպիսի մի քանի «ավանտյուրա» եւս փորձել են իրականացնել, իմ հնարավորության սահմաններում փորձել եմ կանխել, եւ ինձ հանելուց մեկ օր հետո պլանավորել են այդ օպերացիան, եւ վարչապետը գնում է այնտեղ եւ հաստատում է դա եւ սկսում են կիրառել: Արդյունքում մենք կորցրել ենք մեր ողջ ռեզերվը, եւ հարավային դարպասը հնարավորություն չի ունեցել հակառակորդի դեմ կռվելու։ Սա իմ տեսակետն է։ Այդ օպերացիան եւս արժանի է վերլուծության»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031