Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանության դեմ։
Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:
Հասարակության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակնհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:
Կարդացեք նաև
Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.
1.Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
2.Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:
3.Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:
Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:
Հայրենակիցնե՛ր,
Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են:
Պայքարելու ենք և հաղթենք։
Հայրենիքի փրկության շարժում