«Կներեք, երբ դուք ինքներդ եք թեման շրջանառում, հետո՝ կոչ անում վերջ դնել նման քննարկումներին, իսկապես կարծում եք, որ ընդդիմությունը բան չի ունենա՞ ասելու։ Երբ Ալեն Սիմոնյանը պաթոսով ասում է, թե ընդդիմությունը պետք է շնորհակալ լինի, կամ որ ԱԺ-ն մեկ միլիարդ գումար է վերադարձրել պետբյուջե, ի՞նչ է ակնկալում․․․ինչի մենք չենք հասկանո՞ւմ, որ համավարակի եւ պատերազմի պայմաններում ԱԺ-ն գործուղումների եւ միջոցառումների վրա հատկացված գումարը պետք է խնայեր, վերադարձներ, եւ դա բնական էր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն այսօր հիշեցրել էր ընդդիմադիր խմբակցությունների ստացած պարգեւավճարների չափը, ընդդիմադիրներն էլ հակադարձել էին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հարցադրում էր արել՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի խոսում այն մասին, որ խորհրդարանը գումարներ է վերադարձրել պետբյուջե։
«Շնորհակալ ենք, որ չեք յուրացրել այդ բյուջեն»,-հեգնեց Իվետա Տոնոյանը եւ հորդորեց մանիպուլյացիաներ չանել, ստեր չտարածել, թե Բաղրամյան պողոտայում ցուցարարները գումար են ստանում, այլապես նույնը կարելի է պնդել վարչապետի մասնակցությամբ հավաքների մասին․ «Եթե կոռեկտության մասին եք խոսում, ինքներդ ձեր խմբակցությունից սկսեք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ