«Մի անգամ դատախազները միջնորդել էին, որպեսզի մեզ զրկեն միջնորդություններ ներկայացնելու իրավունքից եւ անցնեն դատաքննության: Դատարանը դատախազների միջնորդությունը մերժել էր, որովհետեւ օրենքով այդպիսի բան նախատեսված չի: Այսինքն՝ ֆիքսենք, օրենքով նախատեսված չի, որպեսզի միջնորդություններ ներկայացնելու մեր իրավունքը սահմանափակվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը`անդրադառնալով դատարանի դահլիճում կատարվածին:
Հինենք, այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը`դատավորի որոշմամբ, մտավ դատաքննության փուլ: Դատարանը չլսեց պաշտպանների միջնորդությունները: Արդյունքում, երկրորդ նախագահի պաշտպանները բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը:
Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ նախավերջին նիստի ժամանակ դատախազը կրկին միջնորդել էր`պաշտպանական կողմին զրկել միջնորդությունների իրավունքից եւ անցնել հաջորդ փուլ: Մինչդեռ, դատարանը մեկ անգամ համանման միջնորդությունը մերժել էր անօրինականության հիմքով: Այսօր, ըստ Հայկ Ալումյանի, դատարանն ինքն իր որոշումը շրջանցեց. «Թեեւ դատախազների միջնորդությունը թողեց առանց քննության, բայց փաստացի արեց այն, ինչ դատախազներն իրենից ուզում էին… Ուրիշ ժամանակ, եթե հանկարծ դատախազների որեւէ միջնորդություն թողնվեր առանց քննության, երկարաշունչ առարկություններ էին հնչելու: Այսօր դատախազները բավականին նորմալ տարան, որ իրենց միջնորդությունը թողնվեց առանց քննության, որովհետեւ իրենք, ամենայն հավանականությամբ, նախապես գիտեին, որ իրենց միջնորդությանը ուրիշ ձեւով լուծում է տրվելու եւ լինելու է այն, ինչ իրենք ուզում են»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը նկատում է, որ որեւէ միջնորդություն չի կարող հենց այնպես մնալ, այն պետք է ինչ-որ ստանա լուծում՝ դրական, բացասական, հետաձգվել կամ դատարանը կորոշի առանց քննության թողնել միջնորդությունը:
Պաշտպանական կողմը կասկած չունի`այս գործով, դատարանը գտնվում է ճնշման տակ. «Ես չգիտեմ՝ ո՞ւմ միջոցով է ճնշումը գալիս, բայց այն, որ դատարանը գտնվում է ճնշման տակ, այն, որ դատարանն ամեն դատական նիստում ցույց է տալիս իր կաշկանդվածությունը, ակնհայտ է: Դատարանն ինքը չի իր որոշումները կայացնում: Դատարանն այդ որոշումները ուղղակի հրապարակում է, բայց այդ որոշումները կատարվում են պարտադրանքի տակ: Այդ որոշումների հեղինակներին պետք չի այս շենքում փնտրել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ցույց տալով դատարանի շենքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ