«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը ՀՌՀ է տեղափոխվել ու նրա մանդատն այսօր հասավ «Իմ քայլի» ցուցակից Էմմա Պալյանին:
ԱԺ-ում որպես պատգամավոր իր առաջին ճեպազրույցում Էմմա Պալյանն ասաց, որ մինչեւ հունիսի 20-ը, մինչ կցրվի ԱԺ-ն ու նոր ընտրություններ կլինեն, ժամանակը քիչ է ու պիտի փորձի Շիրակի մարզի համար որոշ քայլեր անել: Պատգամավոր դառնալը անակնկալ է եղել Պալյանի համար, ցուցակում հաջորդ անձը բացարկ է հայտնել ու ինքն է մանդատը ստացել:
Aravotam-ը հարցրեց՝ ձեր քաղաքական կարիերայի հենց սկզբում հիշեցնում են այն աղմկահարույց դրվագը, երբ դուք, լինելով իմքայլական Կարեն Սարուխանյանի օգնականը, Կանանց տոնին նվիրված շնորհավորական ուղերձը «copy paste» էիք արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքից: Պալյանն արձագանքեց. «Ընդամենը կասեմ, որ դա չի եղել այնպես, ինչպես լրագրողները այդ պահին ներկայացրեցին: Դա Մարտի 8-յան շնորհավորանք է եղել: Չեմ կարծում, որ այս պահին դրա ժամանակն է խոսելու»: Մեր դիտարկմանը, որ Կարեն Սարուխանյանն ինքն է ասել, որ դա իր օգնականն է արել, այսինքն՝ դուք, սխա՞լ է ասել՝ Պալյանը պատասխանեց. «Սխալ չեն ասել, բայց քոփի փեյսթ չի եղել: Եթե նմանություն է եղել մի նախադասության, դա չի նշանակում copy-paste»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք լրագրող եք եղել, ձեր թիմակիցները լրագրողներին ճնշում են ու վատ են վերաբերվում, չե՞ք պատրաստվում դատապարտել Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Սարգսյանի, Հակոբ Արշակյանի վարքագիծը՝ Պալյանը պատասխանեց. «Քանի որ ես այսօր առաջին օրն եմ որպես պատգամավոր սկսել, չեմ ուզում կոպիտ լինել ու իմ գործընկերներին գնահատական տալ, բայց ամեն դեպքում սադրանքին ու բռնություններին դեմ եմ: Ես դատապարտում եմ, այո»:
Հետո նա ասաց, որ ինչքան էլ թիմի անդամ է, ունի իր կարծիքը. «Պիտի պարզվի, թե ինչից է սկսվել այդ միջադեպը: Ես, որպես անհատ, դատապարտում եմ ամեն դեպքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ