ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍՈԻ-30 ինքնաթիռների մասին հայտարարությունը «երեխայական» արտահայտություն է համարում։
Մարտի 20-ին Արագածոտնի մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՍՈՒ-30 կործանիչների մասին ասել է․ «Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել եւ այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչո՞ւ չուներ կործանիչ ավիացիա»։
Այսօր «Հայելի» ակումբում Մովսես Հակոբյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանն ասաց՝ անհեթեթություն է, դա նշանակում է՝ մեքենան առել, կանգնեցրել ես, բենզինը ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկը գնի։
«ՍՈՒ-30 կործանիչները կարող էին իրար կպնեին, որոնք առկա են մեր սպառազինությունում, ինչո՞ւ ՍՈւ-երը չկիրառվեցին առկա սպառազինությամբ, սպառազինության մի քանի տեսակը չկար, բա մնացա՞ծ տեսակները։ Ինչո՞ւ չկիրառեցին, այս հարցի պատասխանը պիտի տա։ Դատախազությունը թող ստուգի եւ բացահայտի՝ այն երեք չափանիշները, որ պիտի ունենան ՍՈւ-30-ները որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է նաեւ պատճառ է եղել ու ինքնաթիռի անձնակազմը չի թռել»,-ասաց պարոն Հակոբյանը։
Կարդացեք նաև
Նա խոսելով հայկական ռազմական ավիացիայի մասին՝ ասաց․«Մենք բավականին մեծ գումար ենք ծախսել ավիացիայի վրա, ավելի մեծ գումար՝ մենակ վառելիքի տեսակետից, քան ամբողջ բանակի վրա։ Ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան 3-րդ բանակային կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատակազմի, եւ այդքան թանկ վճարել ենք՝ բանակի բյուջեից կտրելով, ավիացիայի վրա ծախսելով, ինչո՞ւ չկիրառվեց, ո՞ւր է մեր անձնակազմը, եթե առաջին թռիչքը կատարում է պահեստազորի պետը, Ստեփանակերտի օդանավակայանի պետը՝ գալով մեկ-երկու օր վերապատրաստվելուց հետո առաջին թռիչքն է կատարում, ընդ որում, շատ հաջող, ինչո՞ւ մեր ինքնաթիռները կործանվեցին։ Այս հարցերի պատասխանները պետք է տան, որովհետեւ այդպիսի ավիացիա ունենալ եւ կողքին նկարվել, դրանով ժողովրդին փորձել խաբել, չի կարելի։ Պետք է քննություն անցկացվի, եթե դատախազությունից ինձ հարցնեն՝ ես կասեմ որ հարցն է մտահոգիչ, որն, ըստ իս, ինքնաթիռները մեր առկա սպառազինությամբ չեն կիրառվել եւ այն սպառազինությունը, որ ես լսել եմ Ռուսաստանի կառավարությամբ արգելված է, դա միայն մեկ հրթիռն է: Մնացած հրթիռների մասը մեր մոտ կա, մի մասն էլ հանգիստ կարող էին ձեռք բերել։ Ինչո՞ւ չեն ձեռք բերել եւ ինչո՞ւ մեր պահեստում ունեցած հրթիռները չեն կիրառվել։ Ես ենթադրություններ ունեմ, բայց չեմ կարող ասել։ Այդքան գումար են ծախսել, ինչո՞ւ որեւէ խնդիր չի իրականացվել, հազարավոր մարդկանց բարձր աշխատավարձ են տվել»։
Դիտարկմանը՝ ապրիլյանի ժամանակ էլ մեր ավիացիան էր հպարտությունը, պարոն Հակոբյանն ասաց․ «Ոչ մի բան էլ չեն արել ապրիլյանի ժամանակ, Լաչինից էն կողմ չեն թռել, Սիսիանից էն կողմ չեն թռել»։
Պարոն Հակոբյանն ասաց, որ իր հայտարարության հիման վրա հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, հարցաքննվել է, նաեւ մի շարք զինվորականներ եւ պաշտոնյաներ են հարցաքննվել․ «Երկրի ղեկավարն էլ պարտադիր պետք է հարցաքննվի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ