Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով (սահմանադրական կարգի տապալման) նիստում չլսեց պատասխանող կողմերի ներկայացված միջնորդությունները եւ որոշեց անցնել դատաքննության փուլին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ կողմերը 1,5 տարի ժամանակ են ունեցել միջնորդություններ ներկայացնելու եւ հայտարարեց դատաքննության փուլ անցնելու մասին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտեցին նիստը եւ լքեցին դատարանի դահլիճը:
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց հաջորդ նիստում քննարկել պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը: Սանկցիա կկիրառվի նաեւ պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ` նստած տեղից դատարանին դիմելու համար:
Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ հետո`մարտի 30-ին:
Մինչ այդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր կարճել քրեական գործը`մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը:
Հիշեցնենք, այսօր Սահմանադրական դատարանը քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հայտարարությունների հիման վրա: ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ:
Կարեն Մեջլումյանը հայտարարեց Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու մասին: Այս միջնորդությունը դատավորը նույնպես չքննարկեց:
Դատարանը չքննարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանի միջնորդությունը` դատախազ Գեւորգ Բաղդասարյանին բացարկի մասին: Ըստ պաշտպանի, դատախազը Ծաղկաձորում հանդիպել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ղեկավարող եւ իշխանական այլ պատգամավորների հետ, նկարներ էլ կան, մամուլում են հրապարակվել: Պաշտպանական կողմն այսպիսով իշխանության կողմից ազդեցություններ է տեսնում դատավարության ընթացքի վրա: Գեւորգ Բաղդասարյանն էլ բացատրեց, որ Ծաղկաձորում մասնակցել է ԸՕ-ի քննարկումներին: Դատախազի եւ պաշտպանների միջեւ լեզվակռիվ սկսվեց: Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց. «Ես չեմ օգտագործվում, ես օգտագործում եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ