«45 միլիոն դրամ պարգեւավճար ստացել են պարոն Ծառուկյանն ու ԲՀԿ-ն։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա մասին խոսեն։ Հակառակը՝ դեմ են խոսել։ Քսան միլիոնից ավելի ստացել են պարոն Մարուքյանն ու իր խմբակցությունը։ Բայց որեւէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է, որով պատգամավորը կարող է գնալ Սյունիքի մարզ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Արձագանքեց «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանը․ «Հասկանում եմ, որ նախընտրական փուլում ենք, եւ պետք է մանիպուլյատիվ հայտարարություններ անել։ Երբ խոսվում է ԲՀԿ-ի պարգեւավճարների մասին, ապա հիշեցնեմ՝ մեկ տարի ԲՀԿ-ի բոլոր պատգամավորներն իրենց պարգեւավճարները փոխանցել են կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի ֆոնդին։ Մենք այդ մասին փաստաթուղթ ենք հղել Արարատ Միրզոյանին։ Կոչ եմ անում՝ կառուցողական քննարկման ժամանակ Ա-ից բացի Բ-ն էլ ասեք»։
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանն էլ ի գիտություն Սիսակ Գաբրիելյանի՝ հրապարակեց կորոնավիրուսի պայմաններում պետական կառույցների աշխատողների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի պարգեւավճարների պաշտոնական թվերը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ