«Ես ավելորդ եմ համարում ընտրությունների, ընտրական օրենսգրքի մասին այս պահին քննարկելը, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքը զրո արժեք ունի հենց ինքն իր համար: Վաղը մյուս օրը այլ բան կասի, և կստացվի, որ այսօր ես շարժվում եմ իր թելադրած օրակարգով»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց. «Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է անում հիմա Ընտրական օրենսգրքում, որպեսզի իր վախերը փարատի: Իսկ ինքը վախենում է, որ հրաժարական կտա, դրանից հետո հնարավոր է, որ քաղաքական ուժերը, պատգամավորների մեկ երրորդը առաջարկեն վարչապետի նոր թեկնածու, և միանգամայն տրամաբանական կլիներ ակնկալել, որ իր պատգամավորների զգալի մասը, որոնք գիտեն՝ բոնուսային համակարգը չի աշխատելու, իրենք չեն հայտնվելու խորհրդարանում, հնարավոր է՝ ընտրեն այլ վարչապետ: Նիկոլ Փաշինյանն օրենքի ուժով փակելու է այդ հնարավորությունը»:
Այս առիթով Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ընտրական օրենսգրքում կատարվում է հետևյալ փոփոխությունը: Գործող խմբագրումը հետևյալն է: Հերթական ընտրությունները չեն կարող անցկացվել, հիմա ավելացվել է նաև արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել: Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կշարունակի մնալ ժամանակավոր պաշտոնակատար, կորոնավիրուսի նման դեպքերի հիման վրա կերկարացնի ռազմական դրությունն այնքան ժամանակ, ինչքան պետք է իրեն, և այդ ժամանակի ընթացքում կանի՝ ինչ պետք է, հետո կհանի ռազմական դրությունը ու դրանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո կանի ընտրություններ: Այդ փոփոխությունները հիմա Ընտրական օրենսգրքում կան: Այս մասին քիչ է խոսվում, քանի որ այս փոփոխությունը ինքը նաև իր համար որպես աշխատացնող տարբերակ գտել է»:
Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա խախտումների. «Նա, եթե նախադեպ է ստեղծում դատարանի որոշումը չկատարելու հարցում, վաղը մյուս օրը ընտրությունների ժամանակ ունակ է անել ցանկացած կեղծիք, խախտում»:
Կարդացեք նաև
Խոսելով, թե ինչ քայլեր պետք է կատարի ընդդիմությունը, Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Արագ, հստակ ու շատ ավելի անձնազոհ պիտի գործի ընդդիմությունը: Ընդդիմության շատերի մոտ անձնազոհությունն է բացակայում»:
Իսկ թե ինչու են իմքայլականները սկսել խոսել, Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Սկսեցին խոսել, քանի որ առաջիկայում, եթե լինեն արտահերթ ընտրություններ, այս մարդիկ խնդիր են ունենալու: Վարդագույն սցենարի դեպքում 88 հոգի չի հայտնվելու խորհրդարանում. նվազագույնը 25 հոգին չեն լինելու, և այս պարագայում տրամաբանական է այդ ամենը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ