Լրահոս
Օրվա լրահոսը

Նման արատավոր երևույթների կանխարգելումը, բացահայտումն ու դրանց պատշաճ իրավական գնահատական տալու առաջին շահագրգիռ կողմը ես եմ. Ռուստամ Բադասյան

Մարտ 23,2021 15:21

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ահազանգեր է ստանում, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, «Նուբարաշեն»-ից Գևորգ Վարոսյանը, «Նուբարաշեն»-ի, «Արմավիր» ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ «գիտեք, չէ՞, ում պետք է ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»։

Հասկանում եմ, որ փաստացի նախընտրական գործընթացում եք, սակայն հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից, և, ահազանգը ստանալուն պես, առնվազն ճշտել Նախարարությունից, եթե, իհարկե, իրականում կա ճշմարտությունը բացահայտելու ցանկություն։

Քրեակատարողական ծառայողները որևէ քաղաքական պրոցեսում ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և այդպիսին լինելու է միշտ։

Չեմ անդրադառնա կարճ հայտարարության մեջ արված մի քանի սխալ տեղեկություններին, ընդամենը ներկայացնեմ մեկ փաստ, որը կհերքի տիկին Զոհրաբյանի ահազանգով բարձրացված խնդրի իրական լինելը։ Հնչեցվեց, որ Գևորգ Վարոսյանը, ով, ի դեպ, ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, այլ «Արմավիր» ՔԿՀ-ի Օպերատիվ բաժնի պետն է, ևս նման հարցով է դիմել դատապարտված և կալանավորված անձանց։

Տիկի՛ն Զոհրաբյան, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունն արվել է օրեր առաջ՝ մարտի 18-ին, իսկ պարոն Վարոսյանը 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 5-ը, այնուհետև, փետրվարի 9-ից մինչև մարտի 11-ը գտնվել է արձակուրդում, իսկ մարտի 12-ից առ այսօր՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ է, հետևապես, բացակայում է հնարավորությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո շփում ունենար ՔԿՀ-ում պահվող անձանց հետ։

Տիկին Զոհրաբյանին հորդորում եմ ինձ տրամադրել ահազանգի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ։ Վստահեցնում եմ, որ նման արատավոր երևույթների կանխարգելումը, բացահայտումն ու դրանց պատշաճ իրավական գնահատական տալու առաջին շահագրգիռ կողմը ես եմ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031