Ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը բավարարված են Բուդապեշտում իրենց մրցելույթների արդյունքից: Երկուսն էլ մամուլի ասուլիսում նշեցին, որ շատ էին ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել, ինչին հասնելու համար մարզումներում եւ հավաքներում մարզիչների ղեկավարությամբ շատ են աշխատել: «Շատ հետաքրքիր գոտեմարտեր անցկացրի: Սպասում էի, որ կհաղթեմ, որովհետեւ երկար ճանապարհ էինք անցել մարզիչների հետ միասին: Սա դեպի օլիմպիական խաղեր առաջին քայլն էր; Հիմա ամեն բան պետք է անենք, որպեսզի օլիմպիական խաղերին էլ շատ լավ մասնակցենք»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Վազգեն Թեւանյանը նույնպես քրտնաջան պատրաստվելու արդյունքում մի վստահություն ուներ: «Հենց այդ վստահությունն էլ օգնեց: Ադրբեջանցու նկատմամբ հաղթանակած գոտեմարտի մասին են շատ հարցնում: Դրանից մեկ օր առաջ մի փոքր լարվածություն կար մեջս: Բայց կարողացա ներսումս նրան ընդունել ընդամենը որպես հերթական մրցակցի ու լարվածությունն անցավ: Երբ լավ ես մարզվել, դա ինքնավստահություն է պարգեւում, իսկ ուժերիդ վստահ լինելը նաեւ հանգստություն է բերում, ինչը շատ կարեւոր է»,- ասաց Վազգեն Թեւանյանը:
Վերջում երկու մարզիկներն էլ հավաքականի իրենց ընկերներին մաղթեցին նույնպես օլիմպիական ուղեգիր նվաճել, իսկ ովքեր նվաճել են, որպեսզի Տոկիոյից տուն վերադառնան մեդալով, ցանկալի է՝ ոսկե:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ