Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը եւ Բուդապեշտում անցկացված ընտրական մրցաշարում Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ըմբիշներ 57 կգ Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը վերադարձել են հայրենիք: Նրանք այսօր մասնակցել են հեռավար մամուլի ասուլիսի:
«Արսենն ու Վազգենը շատ լավ հանդես եկան եւ ուղեգիր նվաճեցին, իսկ հաջորդ քայլով դարձան նաեւ մրցաշարի հաղթող: Դա նաեւ բուն օլիմպիական խաղերում մեդալների հավակնելու լուրջ հայտ է: Հավաքականի կազմում եւս երկու ըմբիշ էր ընդգրկված: Մենք դեռ եւս մեկ ընտրական մրցաշար ունենք՝ մայիսին, որտեղ նրանք ուղեգիր նվաճելու մեկ հնարավորություն եւս ունեն»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
«Տղաներն իսկապես շատ լավ մրցելույթ ունեցան եւ ուրախացրին ոչ միայն մեզ՝ մարզիչներիս, այլեւ ամբողջ հայությանը: Տպավորություն կար, որ ամբողջ դահլիճը խոսում էր մեր ըմբիշների հաջողությունից, եւ հետաքրքրվում, թե որտեղի՞ց են եկել նրանք: Հավաքականի բոլոր անդամները տրամադրված են, որպեսզի հետագայում էլ ուրախացնեն բոլորիս»,- գլխավոր մարզչին լրացրեց Էդգար Ենոքյանը:
Գլխավոր մարզիչը նաեւ մեկնաբանեց, թե ինչ էր ակնարկում հարցազրույցներից մեկում իր արած հայտարարությունը, թե տղաները մի քանի անգամ գերազանցեցին իրենց սպասելիքները: «Մենք նրանցից օլիմպիական ուղեգիր սպասում էինք: Սակայն ես նկատի ունեցա նաեւ նրանց գոտեմարտերի որակը, վստահությունն ու գրանցված արդյունքները: Անգամ միջազգային մամուլն էր անդրադարձել մեր տղաներին՝ նշելով, որ ի հայտ են եկել ծագող նոր աստղեր: Դա, իսկապես, հաճելի է»,-ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Կարդացեք նաև
Մարզիչները այս հաջողության մեջ շատ կարևորեցին նաեւ հավաքական գործուղված հոգեբանների դերը, որոնց աշխատանքը տվեց իր պտուղները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ