Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Հիմա այլ իրավիճակ է․ կա ընտրությունների հայտարարված օր»․ ԱԺ-ում ընդդիմությունն առաջարկում է հանել ռազմական դրության ռեժիմը

Մարտ 23,2021 14:02

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծն ընդունելու հարցը։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար, հարցի զեկուցող Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց՝ արդեն երրորդ անգամ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնում են ռազմական դրությունը վերացնելու գործընթաց, իսկ նախկին փորձերը տապալել է իշխանությունը։ «Ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության գործառույթները, ժողովրդավարությունը, որովհետեւ ՏԻՄ մարմինների ընտրություններ տեղի չեն ունենում։ Մի համայնքում անգամ ավագանի չկա, եւ լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ մեկ այլ համայնքում արդեն մեկ տարի՝ կառավարումն իրականացնում է նշանակված մարդը, ոչ թե ընտրված մարդը։ Իշխանությունն անընդհատ քաղաքական փաստարկներ էր բերում, թե ընդդիմությունն ուզում է ռազմական դրությունը հանի, որ վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսի։ Հիմա այլ իրավիճակ է։ Կա ընտրությունների հայտարարված օր, մենք համաձայնություն ունենք վարչապետի հրաժարականի օրվա հետ կապված։ Այսինքն` վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում նոր վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի, եւ կգնանք արտահերթ ընտրությունների։ Սակայն քաղաքական գործընթացները հիմա հնարավոր չեն ռազմական դրության պայմաններում։ Անգամ մարզային հանդիպումները դրա պատճառով բարդություններ ունեն, գումարած՝ կորոնավիրուսը։ Երկրում լարվածությունը թուլացել է ընտրությունների վերաբերյալ պայմանավորված լույսի ներքո, ուստի առաջարկում ենք վերացնել ռազմական դրությունը»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Ապա նայելով դահլիճին՝ ակնարկեց․ «Շատ բացականեր կան, երեւի արդեն քարոզարշավի են մասնակցում»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ պատգամավորներն աշխատասենյակներում են աշխատում։

Ապա Էդմոն Մարուքյանն իր հերթին հույս հայտնեց, որ հունիսի քսանին նախանշված ընտրություններին ընդառաջ զինված խմբերը, եթե այդպիսիք կան, կզինաթափվեն, բայց դրա գործիքակազմն իշխանության ձեռքում է։

«Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը չհամաձայնեց Մարուքյանի այն դիտարկմանը, թե իշխանությունը քաղաքական նպատակներով է ռազմական դրությունը պահպանում, որովհետեւ, ըստ նրա, ընդդիմության որեւէ գործողությանը չի խոչընդոտում ռազմական դրությունը․ «Բոլորս էլ գիտենք, որ ընտրությունների դեպքում վաղ թե ուշ ռազմական դրությունը հանվելու է»։

Մարուքյանը պատասխանեց, թե կոնկրետ ինչին է խոչընդոտում ռազմական դրությունը․ «Ընդդիմությունն իրավունք ունի վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսելու, որը հնարավոր չէ ռազմական դրության ժամանակ։ Եթե չլիներ ռազմական դրություն, վստահեցնում եմ՝ մի տասն անգամ կնախաձեռնեինք։ Մեր իրավունքները սահմանափակվել են։ Բացի այդ, օրինակ, Իջեւանը քաղաքապետ չունի։ Որքանով ես լսել եմ՝ դուք էլ ուզում եք Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնեք, ինչը եւս հնարավոր չի ռազմական դրության պատճառով»։

«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց՝ երբ Էդմոն Մարուքյանը վերջերս հանդիպեց վարչապետի հետ, ռազմական դրության չեղարկման հարց քննարկվե՞լ է, ի՞նչ ժամկետներում։ Մարուքյանը պատասխանեց․ «Այդ հարցը չեմ բանակցել վարչապետի հետ, խոսել ենք ավելի մեծ բանի՝ ընտրությունների մասին։ Ռազմական դրությունը դրան ենթակա հարց է, եւ ինքնաբերաբար պետք է հանվի։ Կառավարությունը չի հանում, մենք ենք առաջարկում հանել»։

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ, նկատի ունենալով Հայկ Մարությանի վերաբերյալ Մարուքյանի ասածը, վերջինիս հորդորեց բամբասանքի մակարդակի հայտարարություններ չանել։ Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Այս ամբիոնից դուք եւ ձեր շատ գործընկերներ կարդացել եք «ֆեյսբուքյան» ստատուսներ, եւ այս ամբիոնը դարձել էր «ԱԼՄ»-ի հաղորդաշար»։

Հարցի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր հերթին հայտարարեց՝ իրենց համար ընդունելի չէ գնահատականը, թե ռազմական դրությունը պահպանվում է քաղաքական նպատակներով, եւ դրա փաստարկը Բաղրամյան պողոտան է․ «Մարդիկ ցույցեր անելու սահմանափակում չունեն։ Այո, պարոն Մարուքյանի թվարկած սահմանափակումները ՏԻՄ մարմինների հետ կապված փաստ են։ Մյուս կողմից, տարածաշրջանում զորավարժություններ են, ՀՀ սահմանային անվտանգության պահպանման ուղղությամբ գործընթացներ կան։ Որպես քաղաքացի ես էլ եմ ուզում, որ ռազմական դրությունը հանվի, ուստի ընդունելի է պարոն Մարուքյանի առաջարկը, բայց կուզեի այլ գործընկերների կարծիքներ ու հիմնավորումներ էլ լսել։ Եթե բոլորը համակարծիք են, որ պետք է հանվի, ուրեմն պետք է հանվի։ Ես կողմ եմ հանելուն։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել՝ այն նկատառմամբ, որ սպասենք, մի շաբաթ ուշ կառավարությունը ներկայացնի առաջարկը։ Դեմ լինելու միակ պատճառն այն էր, որ պետք է սպասել զորավարժությունների ավարտին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031