Լրահոս
Օրվա լրահոսը

Հո դուք անձ կուսակցությո՞ւն չեք, ինչի՞ Փաշինյանին չեք փոխարինում. Մակունցը նեղացավ լրագրողների հարցերից ու դադարեցրեց ճեպազրույցը

Մարտ 23,2021 13:54

«Իմ քայլը խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխություններ ընդունելու եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալու: Այս պահին քննարկումներ են ընթանում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լրագրողները փոխանցեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ եթե խաղի կանոնները փոխեն, իրենց պայմանավորվածությունները ուժի մեջ չեն լինի: Մակունցն արձագանքեց. «Չգիտեմ՝ պարոն Մարուքյանը պայմանավորվածությունների հետ կապված կոնկրետ ինչի մասին է խոսում: Քննարկումների ավարտից հետո մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Մակունցն ասաց, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները պետք է իրատեսական լինեն առաջիկա արտահերթ ընտրությունների հետ կապված. «Դրանք առաջին հերթին ենթադրում են պարզեցում»:

Հարցին՝ ձեր խմբակցության «սորոսական հատվածը» պնդում էլ, որ առանց ԸՕ-ն փոխելու չի կարելի գնալ ընտրության, Մակունցը հորդորեց պիտակներ չկպցնել իրենց խմբակցությանը:

Մակունցը հաստատեց, որ ՔՊ-ի ցուցակը ընտրություններում գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի՞ է՝ Մակունցն ասաց, որ չի պատասխանի այդ հարցին: Լրագրողները հարցադրումներ հնչեցրեցին՝ նա վարկաբեկված անձ է, չե՞ք կարծում, որ նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալ է, կարող էիք Նիկոլ Փաշինյանին փոխարինել, օրինակ, Արարատ Միրզոյանով, Տիգրան Ավինյանով, հո դուք անձ կուսակցությո՞ւն չեք՝ Մակունցը ի պատասխան հորդորեց չվիրավորել, կոռեկտության սահմաններում մնալ ու զգուշացրեց՝ եթե այսպես շարունակվի՝ կդադարեցնի ճեպազրույցը: Այնուհետեւ Մակունցը այդպես էլ արեց՝ սուսուփուս հեռացավ՝ չպատասխանելով հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031