Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով

Մարտ 23,2021 13:37

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա մարտի 23-ին քննում էր 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Նիստին մասնակցում էին ՍԴ 8 դատավորները։ Վահե Գրիգորյանը չէր մասնակցում գործի քննությանը, քանի որ նրա վերաբերյալ կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ դատարանը հարցը քննում է գրավոր ընթացակարգով։ Նա հայտնեց, որ եթե նիստը իրավազոր է, ապա ՍԴ-ն անհապաղ անցնում է դռնփակ խորհրդակցության։ Երբ նա հայտարարեց, որ նիստն իրավազոր է՝ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց, ըստ որի՝ առաջարկում էր բանավոր դատաքննության անցնել։

«Բանավոր դատաքննությունը մեծապես կնպաստի գործի հանգամանքների, այդ թվում՝ դատավարության կողմերի հակադրվող դիրքորոշումների հիմնավորվածության, հրապարակային, բազմակողմ և օբյեկտիվ բացահայտմանը։ Դրանով իսկ տեղի չի տրվի կամ կբացառվի Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը նվազեցնող, Սահմանադրական դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնող, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի՝ արդարադատության իրականացմանը միջամտելուն, նրա քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնող մեկնաբանություններին։ Այլ կերպ՝ հասարակական մեծ հնչեղություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը կնպաստի ինչպես գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, այնպես էլ Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,- ասաց նա։

Արևիկ Պետրոսյանին միացավ նաև դատավոր Հրայր Թովմասյանը։ Արման Դիլանյանը առաջարկեց քննարկել դատական նիստը ընդմիջելու հարցը, որի ընթացքում դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի խորհրդակցական սենյակում։ Հրայր Թովմասյանը ասաց, որ խորհրդակցական սենյակ անցնելու անհրաժեշտություն չկա, Արևիկ Պետրոսյանը և Երվանդ Խունդկարյանը ևս դեմ էին այդ առաջարկությանը։

Դատավոր Էդգար Շաթիրյանը ասաց, որ ինքը կողմ է գործի գրավոր ընթացակարգով քննությանը․ «Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահության առնչությամբ առանձին դատողություններին, իհարկե՛, դատարանի յուրաքանչյուր դատավոր կաշկանդված չէ ներկայացնել իր դիրքորոշումը այս կամ այն հարցի և երևույթի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, ես սա գնահատում եմ որպես դատարանի առանձին դատավորներին ուղղորդելու փորձ, թո՛ղ ներվի իմ այս գնահատականը։ Եվ միայն իմ մասով եմ պատասխանատու և հրապարակավ ասում եմ, որ ինձ ուղղորդելու բոլոր փորձերը դատապարտված են ի սկզբանե»։

Արևիկ Պետրոսյանը արձագանքեց այս հայտարարությանը․ «Որևէ նման փորձի ցանկություն չի եղել և չի կարող լինել։ Ուզում եմ ուղղակի հռետորական հարց բարձրաձայնել՝ այդ ո՞ր օրվանից է հանրային վստահության և հրապարակային գործունեության առաջարկով բանավոր դատաքննությանը անցնելը ուղղորդման փորձ համարվում։ Հետգրություն՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության պակասի վերաբերյալ դատողությունները կատարել է ոչ թե Արևիկ Պետրոսյանը, այլ կատարվել է գործող իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ նաև այս պահին Սահմանադրական դատարանում պաշտոնավարող դատավորներից մեկի կողմից։ Ինչ վերաբերում է ցանկացած միջնորդությանը, որը կկատարվի և դա ուղղորդման փորձ կդիտարկվի, ես դա կդիտարկեմ որպես անհարգալից վերաբերմունքի փորձ դատարանի և դատավորի նկատմամբ»։

Իսկ Հրայր Թովմասյանը անթույլատրելի համարեց դատավորի նման դիրքորոշումը․ «Դուք Ձեր գործընկերոջը դնում եք վատ վիճակի մեջ, որ ընդհանրապես միջնորդություն չներկայացնի»։

Հարցը դրվեց քվեարկության։ Դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Էդգար Շաթիրյանը, Արման Դիլանյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը՝ դեմ։ Այդպիսով՝ որոշում չկայացվեց՝ միջնորդությունը չբավարարվեց։ Գործի դատաքննությունը շարունակվեց գրավոր ընթացակարգով, դատաքննությունը ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ գործով որոշում կայացնելու համար։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031