Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը խայտառակություն է, քանի որ իշխանությունը դատարանի որոշումը չկատարեց». Արփինե Հովհաննիսյան

Մարտ 23,2021 13:23

«Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը խայտառակություն է, քանի որ իշխանությունը դատարանի որոշումը չկատարեց»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցչի միջնորդությունը, համաձայն որի՝ վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակեց Արտակ Դավթյանին:

Արփինե Հովհաննիսյանը գլխավոր շտաբի հետ կապված այս իրավիճակը կգնահատում է ոչ միայն նոնսենս, այլ աննախադեպ «իրավական վախկանալիա», հակասահմանադրական, հակաիրավական մի փունջ: Ըստ նրա՝ այստեղ մենք միայն իրավական խնդրի հետ գործ չունենք. երկրում գործ ունենք արժեքային, ինքնասիրության ճգնաժամի հետ՝ կապված գեներալիտետի հետ. «Սա իրավական, քաղաքական, սահմանադրական և բարոյական ճգնաժամ է»:

Արփինե Հովհաննիսյանը փաստեց՝ սրա համար կա նախատեսված քրեական հոդված, քանի որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, չհերքեց, որ իրեն ԱԱԾ-ից էլ են այցելել:  Արփինե Հովհաննիսյանը մտահոգված է՝ լուռ է գլխավոր դատախազությունը: Այս առիթով ասաց. «Ո՞ւր է հարուցված քրեական գործը, որպեսզի ԱԱԾ-ի ներկայացուցիչներին կանչեն, ըստ էության փաստացի հարցնեն՝ հարգելի ԱԱԾ, գոնե լեգենդ պատմիր, գործ չէ՞ պիտի հարուցվի, ցուցմունք տաք, թե ինչու եք գնացել, դատավորի ընդունարանում նստել: Ո՞ւր են դատավոր գործընկերների դիրքորոշումները, ԲԴԽ անդամները: Ինչո՞ւ են բոլորը կրավորական, վախվորած կեցվածքի մեջ: Այսպիսի կեցվածքի դեպքում տրամաբանական է, որ այդ գեներալիտետի գլխավոր գերագույն հրամանատարը պետք է լիներ հենց Նիկոլ Փաշինյանը»:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ զինվորականության կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելու իմաստը ո՞րն է. «Ես էլ եմ պահանջում, քաղաքական կուսակցություններն էլ են հրաժարական պահանջում, բոլորս շատ ավելի ազդեցիկ ու կշիռ ունեցող հայտարարություններ ենք անում, քան գեներալիտետը: Իրե՞նք ինչ են անում՝ պաշտոնն ընդունել, նստել են, մտածում են՝ կարևորը չդատվեն գեներալի ուսադիրներն ունենանք»:

Արփինե Հովհաննիսյանը զարմացած է՝ Արտակ Դավթյանն ի՞նչ տրամաբանությամբ ստանձնեց այդ պաշտոնը:

Արփինե Հովհաննիսյանը ցավով նշեց՝ մենք այսօր խոր հիասթափության մեջ ենք ու շարունակեց. «Կոտրվեց երևի թե նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միֆը՝ բանակի գեներալիտետի և բանակի պատվախնդրության մասին եմ ասում, սպայի պատիվն առաջին հերթին արժեզրկեցին իրենք: Ցավն այն է, որ մենք այսպիսի գեներալներ ունենք, այդ թվում նաև Օնիկ Գասպարյանը: Համոզմունք  է սկսվում ձևավորվել, որ Օնիկ Գասպարյանը և այդ գեներալներն այդ հայտարարությունը չեն արել, քանի որ համբերության բաժակը լցվել էր, պատիվն արթնացել էր, բայց ես մտածում եմ, որ այս մարդիկ արեցին այդ հայտարարությունը, որպեսզի ինքնապաշտպանվեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն մի հատկություն ունի, որը բոլոր ժամանակներում իրեն բնութագրում է. պատասխանատվությունից թռչել, խուսափել, իր վրա երբեք բեռ չվերցնել: Հիմա ինքը դա է անում: Բանակը հասկացել էր, որ պատասխանատվությունն իր վրա պիտի գցի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031