Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,
ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին,
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին,
Եկեղեցիների համաշխարհային խորհրդին,
Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:
Կարդացեք նաև
Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն:
Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են:
Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:
Այս կերպ Ադրբեջանը նաև հավատարիմ է մնացել սեփական պատմության վերաշարադրման և օկուպացված տարածքներում իր ներկայության լեգիտիմացման ավանդական գործելակերպին:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության և ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է:
Մինչդեռ, ադրբեջանական իշխանությունների որդեգրած հայկական հոգևոր և մշակութային ոչնչացման քաղաքականությանը հակադիր՝ Արցախի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է մնացել իր տարածքում էթնիկ և կրոնական հանդուրժողականության գործելակերպին: 2019 թվականին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում պարսկական Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը դրա վառ օրինակն ու ապացույցն է:
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից տեղեկատվական բաց աղբյուրներ հոսեցվող՝ հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների:
Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:
Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:
Կարևորում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք Արցախի և հարակից տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և դրանց հետագա վնասումը կանխելու ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը:
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը:
Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:
Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:
Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ:
Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:
Մեր մտահոգությունները կարող են լուծում ստանալ բացառապես միջազգային իրավունքի և մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի շրջանակներում:
Կրկին հավաստում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մշակութային արժեքների պահպանության հարցերում փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի ձևաչափին և պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի շրջանակներում գործնական լուծումներ ապահովելուն:
Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: