ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։ Ինչպես զեկուցեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ պատերազմի եւ պետական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով հանձնաժողովն աշխատել է երկու ամիս միայն, թեեւ ծավալուն է աշխատել, որոշ հարցեր ուսումնասիրել, փորձագետների հետ քննարկումներ կազմակերպել։ «Թիրախային շատ հարցեր ենք նախապատրաստել, հարցումներ ենք ուղարկել տասը նախարարություններին, վարչապետին ենթակա մարմիններին, համահայկական հիմնադրամին, ՄԻՊ-ին։ Մինչեւ մարտի վերջ կառավարությունից ակնկալում ենք տեղեկատվություն ստանալ, որից հետո այն կուսումնասիրվի։ Հնարավորություն կունենանք հրավիրել համապատասխան պաշտոնատար անձանց»,-նշեց Արկադի Խաչատրյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց․ «Եթե վեց ամսով ժամկետը երկարաձգում ենք, բայց քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ է լինելու հանձնաժողովի ճակատագիրը»։
Արկադի Խաչատրյանը պատասխանեց․ «Ակնկալում ենք կառավարության պատասխանները մինչեւ ամսվա վերջ, ուստի վերլուծական կարեւոր տեղեկատվություն կամփոփվի։ Անգամ եթե քննիչ հանձնաժողովը չհասցնի ավարտել աշխատանքը, արդեն իսկ կատարված աշխատանքն անիմաստ չի լինելու։ Կարծում եմ՝ մյուս ազգային ժողովի համար եւս կորոնավիրուսի հետ կապված հարցերը կրկին օրակարգային։ Հանձնաժողովն իր պարտականությունը կկատարի այնքանով, որքանով կհասցնի, եթե չհասցնի, նյութերը կարխիվացնենք եւ կփոխանցենք հաջորդ ԱԺ-ին»։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանն առաջարկեց․ «Ինչ-որ կհասցնեք անել, եզրակացության տեսքով հրապարակեք, եւ եթե հաջորդ ԱԺ-ն հարկ համարի, աշխատանքը կվերսկսի»։ Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ կդիտարկեն առաջարկը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ