«Հայտարարություն հնչեց, որ մենք որոշել ենք ցրել ԱԺ-ն, նման իրավունք ունի՞ ԱԺ-ն։ Սա ի՞նչ հայտարարություն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն այսօր հայտարարել էր, որ եթե իսկապես որոշել ենք ցրել խորհրդարանը, եկեք բոլոր խմբակցություններով ապագա խորհրդարանի համար լիազորությունների գործիքակազմ քննարկենք։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Բնականաբար, ԱԺ-ն նման որոշում ընդունելու իրավունք չունի եւ նման փորձ էլ չի արել, բաց դուք էլ, բոլորն էլ հասկանում են, որ խոսքը խմբակցությունների առաջնորդների վերջերս հնչեցրած հայտարարությունների մասին է։ Երեք խմբակցությունները հայտարարել են, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ձեւն արտահերթ ընտրություններն են, եւ դրանց ժամկետի մասին հայտարարություն է եղել»։
Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանն արձանագրեց՝ ինքն էլ է կարծում, որ Սիսակ Գաբրիելյանը հենց այս իրողությունը նկատի ուներ, սակայն այստեղ կանգնել-ասել, թե բոլորս որոշել ենք, որ խորհրդարանը ցրվելու է, իրավաբանորեն ոչ գրագետ հայտարարություն է։
Նայելով Սիսակ Գաբրիելյանի կողմը՝ Գեւորգ Պետրոսյանն ակնարկեց, որ նման բան ասելը հեռու է իրավաբանի կրթություն ունեցող անձից։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Դե գիտեք, երեւի լավագույն լուծումը կլիներ, եթե դուք երկու իրավաբաններով առանձնազրույց ունենայիք»։
Հիշեցնենք, որ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի քսանին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ