ԱԺ լիագումար նիստում այսօր քվեարկությամբ մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է փոխհատուցել զինծառայողների չօգտագործած արձակուրդն ամբողջությամբ՝ անկախ ծառայությունից արձակման տարեթվի։
Հիշեցնենք, որ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում վերջերս այն բացասական եզրակացություն էր ստացել, որովհետեւ ՊՆ ներկայացուցիչն ասել էր՝ իրենք էլ են աշխատում այդ ուղղությամբ, բացի այդ՝ փոխհատուցմանն ուղղված ծախսերը որոշակի չեն։
Այսօր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ եւ դիմեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին․ «Մերժվեց, բայց վստահ եմ՝ իշխանությունն այս նախագիծը կընդունի, երբ ինքը հեղինակի, ոչ թե մենք։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ, պարոն Անդրանիկ Քոչարյան, մինչեւ պատերազմն առաջարկել էինք 25 տարին լրացած եւ հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների հանդեպ համաներում կիրառել, ձեր հանձնաժողովը երկու անգամ մերժեց, մեկ էլ օրերս դուք ելույթ եք ունենում ու ասում, որ իշխանությունը, գործակցելով ՊՆ-ի հետ, որոշել է համաներում անել․․․բա ապրեք, բա շնորհակալ ենք, բա մի հատ գոնե ասեք, որ մենք երկու անգամ առաջարկել ենք, իսկ դուք՝ մերժել եք։ Սա ի՞նչ պրակտիկա է։ Պատերազմից առաջ անեիք՝ այդ հազարավոր տղաները պատերազմի ժամանակ մեր հետ կլինեին, իսկ դուք երկու անգամ մերժեցիք։ Ապրեք, որ անում եք, բայց ստացվում է, որ մենք լավ բան առաջարկեցինք, դուք մերժեցիք, իսկ հիմա, երբ նախընտրական շրջան է գալիս, ասում եք՝ իշխանությունը գժվում է ձեր համար, հեսա ընտիր բան ենք անում։ Ամոթ է, ու դա կանեք նոր ԳՇ-ի լույսի ներքո»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ