Նախկին նախագահներն, անշուշտ, «սուրբ» չեն եղել: Նրանց ժամանակ սխալներ ու թերություններ եղե՞լ են: Իհարկե, եղել են և ոչ քիչ: Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում մշտապես առկա արատավոր բարքերին զուգահեռ, Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քարը քարին դնելով, կառուցել են ամուր պետական ինստիտուտներ, կառուցել են պետություն ու պետականություն: Գերակա են համարել մասնավորաբար եկեղեցին, բանակը, կրթությունը, դիվանագիտությունը, առողջապահությունը, վերջապես ազգային հենքով ընտանիքը և այլն: Հատուկ եմ շեշտում այս ոլորտները, քանի որ պետության, պետականության հիմքը առաջին հերթին սրանք են:
Եթե որոշակի պատմական էքսկուրս կատարենք, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը: Առաջին նախագահի կառավարման ծանր տարիներին հիմք դրվեց Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կազմավորման գործընթացին, հաջորդ նախագահները կայացրեցին և ամրապնդեցին մեր ձեռքբերումները, նույնը կարելի է ասել արտաքին դիվանագիտության և մնացած ոլորտների մասին:
Միևնույն ժամանակ աներկբա է, որ բազմաթիվ դժվարությունների և զրկանքների գնով հայ մարդն իր երկրում առնվազն ապրում էր անվտանգ՝ հայ ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես կախված չէր պետական կարևորագույն ինստիտուտների կազմաքանդումը մասնավորապես, և պետականության կորստի սպառնալիքն ընդհանրապես: Ինչպես ժողովուրդն է ասում, մի քիչ լավ, մի քիչ վատ՝ մարդիկ աշխատում, ապրում էին՝ վաղվա օրվա հանդեպ լցված հույսով ու հավատով: Չպիտի ժխտել՝ անցած 28 տարիներին եղել է նաև արտագաղթ:
Մարդիկ հեռացել են Հայաստանից ավելի լավ կյանք ունենալու ձգտումներով: Այդուհանդերձ, Հայաստանի և ոչ մի նախկին ղեկավարի և իշխանության, իրենց կառավարման բոլոր թերություններով, սխալներով և բացթողումներով հանդերձ, չենք կարող մեղադրել պետության կենսական նշանակության ոլորտներն ու ինստիտուտները պարալիզացնելու և կազմաքանդելու մեջ:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը «հանճար» է: Միայն յուրատեսակ «տաղանդ» ունեցող ղեկավարը կարող է 28 տարվա կառուցածը 2,5-3 տարում այս կերպ քանդել, ավերել: Առանց էմոցիաների, սթափ նայենք ցանկացած ոլորտի. կոլապսի ենթարկված առողջապահության համակարգ՝ կորոնավիրուսից մահացած 5000-ից ավելի մարդ՝ պինցետն ու տնական արաղը վկա:
Պաշտպանության և անվտանգության ոլորտ, բանակ՝ պատերազմում պարտություն, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, բարոյահոգեբանական ծանր վիճակ, գրեթե կազմաքանդված ենթակառուցվածքներ՝ 10 տոկոսով պայթող Իսկանդերն ու կլուբնիկը վկա: Եկեղեցի՝ պարբերաբար հարձակում Եկեղեցու վրա, արժեքների հետևողական խեղում, պախարակում՝ Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու դրվագները վկա: Չենք խոսում տնտեսության, սոցիալական, կրթական, դատական և մյուս ոլորտների մասին, որտեղ տոտալ անկում է: Սա է իրականությունը: Մի խոսքով` այս շարքը նույնպես կարելի է անվերջ՝ ոլորտ առ ոլորտ երկար թվարկել: Բայց այս ամենը բոլորդ եք տեսնում՝ ամեն օր, ամեն ժամ…
Հիմա կարո՞ղ ենք ողջամիտ և պարզ հարց ձևակերպել՝ հայ ժողովուրդը գործ ունի ապիկար կառավարչի՞, թե՞ միտումնավոր ավերողի հետ: Երկու դեպքում էլ հետևանքը չի փոխվում:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում