Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը»

Մարտ 22,2021 23:50

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պահպանության մասին

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ հանդիպումը կայացավ հեռակոնֆերանսի ձեւաչափով 2021 թ. մարտի 17-ին: Նա հանդես եկավ ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն  ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:

Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում եւ ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական եւ հոգեւոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի եւ մարդկային ոգու վեհ մտահղացումների միջեւ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման եւ մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության եւ պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ հարգանքին եւ, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:

Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող եւ՛ գեղագիտական, եւ՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:

Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում եւ ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Երբեմն պատմության եւ մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների եւ քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում եւ Մետոխիայում, Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:

Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ  անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ եւ հորդորել միջազգային կազմակերպություններին եւ կառավարություններին կանխել դրա օգտագործումը:

Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի եւ նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական եւ գեղարվեստական արժեք:

Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման եւ պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության եւ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը եւ կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը:

Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031