Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում ենք՝ հայ հասարակության կողքին մնալ նաեւ մշակութային միջոցառումներով». Ժոնաթան Լաքոթ. (Ֆոտոշարք)

Մարտ 22,2021 22:00

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է «Ապրողները: Խաչվող հայացքներ. Ֆրանսիական եւ հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է ֆրանսիացի եւ հայ 5 երիտասարդ լուսանկարիչների՝ Շառլ Թիեֆենի, Կարեն Խաչատուրովի, Անն-Սոֆի Օկլերի, Սոնա Մնացականյանի եւ Ալեքսի Պազումյանի գործերը:

Շառլ Թիեֆենի շարքը կոչվում է «Թահիր-Անհնազանդություն»: Այն պատմում է 2019-ին Իրաքում տեղի ունեցած բախումների մասին, որոնց արդյունքում զոհվեց՝ 600, վիրավորում ստացավ 20000 մարդ:

Կարեն Խաչատուրովի շարքը կոչվում է «Նվիրվում է տատիկին»: «Ես այս շարքը նկարեցի տատիկիս մահվանից մեկ ամիս անց ու փորձեցի ցույց տալ պապիկիս ապրումներն առանց իր կնոջ, որի հետ համատեղ նա ապրել է մոտ 50 տարի: Որպես իր բացակայության, նոստալգիայի էլեմենտ՝ փորձեցի ամեն լուսանկարում օգտագործել տատիկի երիտասարդ ժամանակվա լուսանկարը: Ամեն լուսանկար ունի իր վերնագիրը, սկսում եմ «Վերջին համբույրից»…Ամեն լուսանկար ցույց է տալիս, թե ինչին է պապիկը կարոտում»,-ասաց Կարենը:

Սոնա Մնացականյանի շարքը կոչվում է «Օրագրեր Վանաձորից», վայր, որը խորհրդային տարիներից հետո մնացել է որպես փակ գործարանների քաղաք ու այդպես էլ չի վերականգնվել: Օրագրերի տեսքով ներկայացրած շարքը մարմնավորում է երիտասարդների մտորումները՝ քաղաքի հետ հարաբերություններում:

Ալեքսի Պազումյանի շարքը կոչվում է «Սեւ պարտեզ» ու ներկայացնում է վիրավոր Արցախի իրականությունը: 2016 թվականից մեկնարկած այս նախագիծը ցույց է տալիս Արցախի բնակիչների պայքարը՝ հանուն անկախության, հատկապես որ արցախցիների համար այստեղ ապրելը իսկապես դիմադրության ակտ է:

Անն-Սոֆի Օկլերի շարքը կրում է «Ամպրոպի ժամանակ խորհուրդ չի տրվում լճում լողալ» խորագիրը: Շարքը ներկայացնում է այն լարվածությունը, որը մարդկանց ստիպում է խաղի մեջ մտնել մահվան հետ՝ ապրող զգալու համար:

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը ցուցահանդեսի բացմանը շնորհակալություն հայտնեց հատկապես FETART կոլեկտիվին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը եւ իրենց կենտրոնի աշխատակիցներին հրաշալի աշխատանքի համար: Ասաց, որ մեծ ուրախություն է, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ բոլոր արտիստները մեր կողքին են: «Գեղագիտության ազգային կենտրոնը այսօրվանից սկսած՝ մեծ տեղ է տալու նաեւ ժամանակակից արվեստին: Այսօր այս ցուցադրությամբ բացում ենք այդ ճանապարհը»,-ասաց Վահան Բադալյանը:

«Այս ցուցահանդեսը այս տարվա Ֆրանկոֆոնիայի օրերի առաջին միջոցառումն է: Կարող է արտառոց թվալ, որ լեզվին նվիրված տոնը մենք նշում ենք լուսանկարչության միջոցով, բայց պետք է հիշել, որ ֆրանսերենը միայն լեզու չէ, նաեւ մշակույթ է եւ մշակույթներ են….

Հատկապես լուսանկարչությունն ունիվերսալ մի լեզու է, դրա համար մտածեցինք, որ սա կարող է հետաքրքրել նաեւ հայ հասարակությանը:

Այստեղ կտեսնեք պատկերներ Իրաքից,Հայաստանից, Ղարաբաղից եւ այլ վայրերից, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր դիտողի ոչ միայն գնահատել առանձին ստեղծագործողի աշխատանքը, այլեւ համադրել աշխատանքները՝ բախումների եւ երկխոսությունների միջոցով»,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Դեսպանն ասաց, որ ցանկանում է հայ հասարակությանը մի ուղերձ հղել. «Ուղերձն այն է, որ հիմա, առավել քան երբեւէ, ցանկանում ենք Հայաստանում կազմակերպել մշակութային միջոցառումներ: 2020 թվականը ծայրահեղ դժվար էր, իրավիճակը բոլորի համար մնում է ծայրահեղ դժվարին, եւ բնականաբար ունենք այլ առաջնահերթություններ, բայց ցանկանում ենք, որ հայ հասարակության կողքին մնալ նաեւ մշակութային միջոցառումներով»:

Արդեն 11 տարի է Ֆրանսիայում գոյություն ունի FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) փառատոնը, որը Եվրոպայում զարգացող լուսանկարչության փառատոն է: Փառատոնն առաջին անգամ է համագործակցում Հայաստանի հետ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով: Մյուս տարի նախատեսվում է Փարիզում ցուցադրել հայ լուսանկարիչների աշխատանքները:

CIRCULATION(S) փառատոնի տնօրենի տնօրեն Կլարա Շալուն նշեց, որ իրենց նպատակն է երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ներկայացնել ողջ Եվրոպայում, ինչի համատեքստում կազմակերպում են տարբեր համագործակցային ծրագրեր, այցեր: «Առաջին անգամ է, որ հնարավորություն ունենք լինել Հայաստանում, ինչի համար շնորհակալ եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը»,-ասաց նա ցուցահանդեսի բացման ժամանակ:

Հավելենք, որ «Ապրողները: Խաչվող հայացքներ. Ֆրանսիական եւ հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 18-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031