Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմարե «Ցլի գլուխը» կցուցադրվի Գառնիում

Մարտ 22,2021 21:12

Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը  նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա  ծնունդով  է սկսվել Նոր տարին:

Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հեթանոսները  երեկ Ամանոր են նշել։ Մինչ տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի անդամներն  արևածագը  դիմավորել  են «Գառնի»-ում։ Ծիսական արարողակարգի ավարտից հետո, Արորդիների ուխտի անդամները մասնակիցներին արևխաչով օրհնված տարեհաց ու մեկական  ումպ  գինի են բաժանել:

Գունավոր ժապավաններով զարդարվել է արգելոց-թանգարանի տարածքում տարիներ առաջ  տնկված Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենին։

Ապա արգելոց-թանգարանի հարակից տարածքում ծառատունկ է կատարվել՝ ծիրանենիներ են տնկվել՝  ի հիշատակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից  սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված հայորդիների։

Միջոցառման մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել  տեսնելու ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արտեֆակտներից մեկը՝ տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։

Պատմական վկայությունների համաձայն, Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:

Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:

Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ, որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին:

Ցուցադրությունը կտևի մինչև մարտի  31-ը։

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031