Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մելիք-Նուբարյան․ «Միայն քարոզարշավը չի կարող հանգեցնել կորոնավիրուսի թվերի դրամատիկ աճին»

Մարտ 22,2021 20:02

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի իրավիճակը շարունակում է լարված մնալ, ամեն օր նոր դեպքերի թիվը բավականին անհանգստացնող է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարզային այցելություններ է կատարում, բազմամարդ հանդիպումներ են լինում, որտեղ հակահամաճարակային կանոնները քչերն են պահպանում։
Արդյոք համաճարակային այսպիսի իրավիճակում ճի՞շտ են նման այցերն ու արտահերթ ընտրություններ կազմակերպելը, որը ենթադրում է նախընտրական փուլում բազմամարդ հանրահավաքներ։

Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն Aravot.am-ի հետ զրույցում կորոնավիրուսի դեպքերի աճը հանրահավաքների հետ չի կապում, չնայած նկատում է՝ հանրահավաքներն էլ կարող են ազդեցություն ունենալ, բայց ոչ շատ մեծ։

«Եթե հարցը լայն համատեքստում նայենք, այսինքն՝ մարդու հիմնարար ազատությունների ու մարդկանց պահանջի եւ հանրային առողջության միջեւ, պարզ է, որ պետք է ճիշտ բալանս գտնել։ Ընտրությունները դա ժողովրդավարական համար մեկ գործընթացն է, եւ շատ կարեւոր է մարդկանց հետ կոնսուլտացիաներ անելը։

Վերջերս սոցհարցման տվյալներ հրապարակվեցին, պարզվեց բնակչության 70%-ը կողմ է, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն գարնանը կամ ամռանը, այսինքն, մարդիկ այս պահին ընտրություններն ավելի կարեւորում են, քան հնարավոր հակահամաճարակային իրավիճակը։ Երկրորդը՝ պետք է միջազգային փորձն էլ նայենք, որը վկայում է, որ եվրոպական քսան տասնյակից ավելի երկրներում տարբեր մակարդակի ընտրություններ՝ նախագահականից մինչեւ տեղական, արվել են ու արվում են։ Վրաստանի փորձն էլ կա։ Այսինքն, մենք ինչ-որ գյուտ չենք անելու»։

Պարոն Մելիք-Նուբարյանը նշեց՝ իհարկե, քարոզարշավը մարդկանց հետ շփումներն ավելացնելու է, բայց միայն քարոզարշավը չի կարող հանգեցնել թվերի դրամատիկ աճին․«Որովհետեւ, օրինակ, եթե վերադառնանք անցյալ տարվա աշուն, երբ սկսվեցին զանգվածային միջոցառումները՝ նոյեմբերից, ապա մենք տեսանք, որ դրանք էական ազդեցություն չթողեցին համաճարակային իրավիճակի վրա, դեկտեմբեր-հունվար-փետրվար, սա երկար ժամանակ է, եթե ազդեցությունը լիներ, դա միանգամից կարտահայտվեր, նշանակալի կավելանային թվերը։ Հակառակը, մեզ մոտ էական ազդեցություն եղավ ուսումնական գործընթացի վերսկսմամբ, երկու ինկուբացիոն շրջան հետո, այսինքն, 14-14 օրերը»։

Փորձագետն ասաց, որ հաշվի առնելով մարդկանց կարծիքը՝ արտահերթ ընտրությունների մասին, նրանց պետք է խորհուրդ տալ, քարոզարշավը հնարավորինս կազմակերպեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ վատառողջ մարդիկ չմասնակցեն, պահպանեն ռեսպիրատոր էթիկետը, կրեն դիմակ, նվազեցնեն ռիսկերը»։

Մարզերում, համայնքներում կորոնավիրուսի տարածվածությունն ավելի քիչ է, քան մայրաքաղաքում, եւ եթե քարոզարշավ լինի, մարզային այցելություններ լինեն, համավարակն այստեղ էլ արագ կտարածվի, նման տարածված կարծիքին էլ ի պատասխան պարոն Մելիք-Նուբարյան ասաց՝ քովիդն ավելի շատ տարածվում է այնտեղ, որտեղ բնակչության խտությունն է շատ․«Եւ պարզ է, որ Երեւանում խտությունը շատ է, շատ էլ տարածվում է, մարզերում քիչ է, քիչ էլ տարածվում է։ Բայց իմ մասնագիտական կարծիքով՝ զգալի, շոշափելի ազդեցություն չի ունենա, որովհետեւ այն մարդիկ էլ, որոնք մասնակցում են քարոզարշավին, երեւի հիմնականում իրենց միջոցով պետք է տարածվի՝ մի համայնքից մյուսը գնալով, բայց իրենք հասուն մարդիկ են, ինձ թվում է պետք է հասկանան, որ պետք է պահպանեն կանոնները, կարծում եմ պարբերաբար կթեստավորվեն եւ այլն։ Սակայն լրիվ զրոյացնել ռիսկը հնարավոր չէ»։

Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների եւ հանրային շփումների դեպքում վարակի արագ տարածման ռիսկի մասին էլ մասնագետն ասաց․«Ես չեմ ուզում քաղաքական գործիչների գործունեությունը մեկնաբանել, որովհետեւ նրանք առաջնորդվում են քաղաքական նպատակներով։ Իսկ իմ մասնագիտական կարծիքն արտահայտեմ հղում անելով մարդկանց կարծիքի վրա՝ մարդկանց 2/3-րդը գտնում է, որ ընտրություններ պետք են։ Մարդիկ կարեւոր են համարում մասնակցել այդ ընտրություններին, բնակիչն ինքն է ընտրում իր համար այն վարքագիծը, որն այդ պահին իր համար գերակշիռ է։ Եթե գերակշիռ է հանդիպել այս կամ գործչին, ուրեմն այդ մարդն ավելի լուրջ, խորքային խնդիր ունի, ասենք՝ իր սոցիալական բարեկեցությունը, քան կորոնավիրուսը, ու ինքը գտնում է, որ ավելի լավ է գնա այդ հավաքին, որովհետեւ դա ընթացիկ խնդիր է իր եւ իր ընտանիքի համար, գտնում է՝ ավելի լավ է գնա ու իրեն հուզող հարցը տա, քան չգնա ու տանը նստի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031