Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձելով ապացուցել «Իսկանդերի» արդյունավետությունը, Ռուսաստանը ակամայից հրապարակել է իր ԶՈւ-ի կողմից հիվանդանոցի թիրախավորումը, մի բան, որը Ռուսաստանը նախկինում հերքել էր. Հովհաննես Նազարեթյան

Մարտ 22,2021 18:53

Աղմուկ «Իսկանդերի» շուրջ. պնդումների ժողովածու և իրականություն

2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում լայնորեն քննարկվում էր Հայաստանի կողմից «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգի գործածման հնարավորությունը։ Պատերազմի թոհուբոհի մեջ սոցիալական ցանցերում անգամ հարցումներ էին արվում այդ խնդրի շուրջ։ Պատերազմից հետո արդեն լայն քննարկումներ սկսվեցին հայկական քաղաքական և ռազմական ներկա և նախկին պաշտոնյաների կողմից՝ պատերազմի ժամանակ «Իսկանդերի» գործածման և դրա արդյունավետության շուրջ։ Այդ քննարկումների գագաթնակետը եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 23-ի հայտարարությունը այն մասին, որ արձակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով: Այս հոդվածում իմի են բերվում վերջին ամիսներին այս զինատեսակի շուրջ ծավալված հանրային և քաղաքական քննարկումները՝ բոլոր մանրամասներով։

«Իսկանդերը»՝ Հայաստանում

Հայաստանի կողմից «Իսկանդեր» ձեռք բերելու մասին առաջին անգամ տեղեկություն ստացվեց 2013-ի հունիսին, երբ ՀՀ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրները հաստատել էին, որ Հայաստանում են գտնվում «Իսկանդերի» մի քանի համալիրներ: Ռուսական ռազմական աղբյուրները 2015-ին հայտնեցին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և «Իսկանդերները» Հայաստան կմատակարարվեն 2016-ին։ Արդեն 2016-ի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսի փորձի ժամանակ, Երևանի փողոցներում առաջին անգամ երևացին «Իսկանդեր» կայանքները։ Սեպտեմբերի 21-ին «Իսկանդեր» համալիրները մեծ շուքով ներկայացվեցին Երևանի հանրապետության հրապարակում տեղի ունեցող զորահանդեսին։

Երկու «Իսկանդեր» կայանքներ 2016 թվականի սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ (լուսանկարները՝ president.am-ի)

Ռուսական ռազմական աղբյուրներն այդ ժամանակ հայտնեցին, որ Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել «Իսկանդերի» մեկ դիվիզիոն՝ չորս կայանքներով։ Դեռ 2015-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով ձեռք է բերվելու նաև հեռահար սպառազինություն։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (SIRPI) տվյալների բազայի, Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը պատվիրել է դեռ 2013-ին, և Ռուսաստանը դրանք Հայաստանին է մատակարարել 2016-ին։ Ընդհանուր առմամբ, ըստ SIPRI-ի, Հայաստանը ձեռք է բերել չորս «Իսկանդեր» համալիր և 25 հրթիռ։ Հայաստանի զինանոցում եղած տարբերակը «Իսկանդեր-Է»-ն է,որն ունի մինչ 280 կմ հեռավորության վրա թիրախը շատ մեծ ճշգրտությամբ (մի քանի մետր) խոցելու կարողություն։

«Իսկանդերի»՝ արդեն Հայաստանում գտնվելու փաստի հաստատումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» հարկադրված միջոց է՝ մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ «Իմ կարծիքով՝ այս դեպքում «Իսկանդերը» հակաթույն է»,- ասել էր Սարգսյանը։ Այդ ժամանակվանից սկսած՝ «Իսկանդերը» հայկական քաղաքական դիսկուրսում ներկայացվում էր որպես Ադրբեջանին սանձող և Արցախի և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխող միջոց։ Այսպես, օրինակ, 2018-ին ՊՆ-ի «Զինուժ» հաղորդումը «Իսկանդեր» և «Սկադ» համալիրները ներկայացնում էր որպես «գերհզոր զինատեսակներ, որոնք սթափեցնում և սանձում են հակառակորդին»։

«Իսկանդերի» գործածումը 2020-ի պատերազմում

2020 թվականի պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում հայտնվեց հայկական կողմից «Իսկանդերի» հրթիռների արձակումը պատկերող տեսանյութ։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզեց, որ տեսանյութում, իրոք, պատկերված է «Իսկանդերի» հրթիռների արձակումը։

Այս տարվա մարտի սկզբին անանուն բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան Middle East Eye կայքին հայտնել էր, որ հայկական կողմը արձակել է առնվազն մեկ «Իսկանդեր» հրթիռ Բաքվի ուղղությամբ, բայց այն խոցվել է իսրայելական արտադրության Barak 8 հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս հայտարարության իսկությունը ստուգելն անհնար է։

Հետպատերազմական հայտարարություններ

Պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 19-ի ասուլիսում, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, պատասխանելով «Իսկանդերի» կիրառման մասին հարցին, նշեց. «Ես գիտեմ, որ կրակել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։

«Իսկանդերի» գործածման մասին ավելի ուշ՝ փետրվարի 17-ին, հայտարարեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը պնդեց, որ ունի հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում՝ Շուշիի ուղղությամբ։ Սարգսյանը նաև հայտարարեց, որ «Իսկանդերը» պետք էր կիրառել դեռ պատերազմի չորրորդ-հինգերորդ օրերին, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժ և զինտեխնիկա էր կուտակել Հորադիզում և այլ հատվածներում։ ««Իսկյանդարը» հենց դրա համար ա»,- ասել էր Սարգսյանը։

Փաշինյանի հայտարարությունը և դրա արձագանքները Հայաստանում

«Իսկանդերի» շուրջ հայտարարություններից ամենավիճահարույցը և ամենաքննարկվածը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փետրվարի 23-ին տված հարցազրույցի ժամանակ։ Պատասխանելով Սերժ Սարգսյանի քննադատությանը՝ Փաշինյանը հայտարարեց. «…Մերժվածը (Սերժ Սարգսյանը,- խմբ) պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Փաշինյանի հայտարարությունը Պաշտպանության նախարարությունից չմեկնաբանեցին, իսկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ: Պատկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան»։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի օրոք է ձեռք բերվել «Իսկանդերը», Փաշինյանին պատասխանեց. ««Իսկանդերը», երբ որ ընդունվել է, բարձր մակարդակի երկկողմանի հանձնել են, ու խնդիր չպետք է լինի «Իսկանդերի» մեջ»։ Ինչ վերաբերում է «Իսկանդերի» կիրառմանը պատերազմի ժամանակ, Օհանյանը նշել էր. «Իմ տեղեկությունները ինչպես յուրաքանչյուր քաղաքացի էսպես սոցիալական ցանցերից են։ Ես չունեմ այդ տեղեկությունը»։ Փաշինյանին նաև արձագանքեց 2017-18 թթ. պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զաքարյանը, որը նշեց. ««Իսկանդերը» չէր կարող խոտանված լինել»։

Արցախի պաշտպանության նախկին նախարար և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց հետևյալ կերպ. «Զուտ տեխնիկապես հնարավոր է (որ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթի,- խմբ.)… Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյո՞ք հաշվարկել են առհասարակ… Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, որի վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, որը հայտարարել է, որ «Իսկանդերի» կրակոցից միայն 10 տոկոս է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»։ Հակոբյանը նաև հայտարարեց, որ վստահ է, որ «Իսկանդերը» մարտունակ է եղել և որ այդ զինատեսակի 10 տոկոս արդյունավետության մասին տեղեկություն Փաշինյանին կարող էր տրամադրել միայն Ադրբեջանը։

Ռուսաստանահայ լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովն իր հերթին ներկայացրեց պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանի հետ ունեցած զրույցից հատվածներ «Իսկանդերի» գործածման մասին: Ըստ Գաբրելյանովի, Գասպարյանը իրեն ասել է, որ պատերազմի երրորդ օրը նա որոշել էր «Իսկանդերը» գործածել երկու ռազմավարական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլի վրա, ինչը Փաշինյանը կտրականապես արգելել էր։ «Միակ անգամն ինձ թույլատրվեց օգտագործել «Իսկանդերը» դեպի Շուշի քաղաք: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և կարողացանք մի քանի տանկ մտցնել քաղաք: Երկու օր անց հրաման եկավ ինձ՝ թողնել Շուշին և նահանջել»,- գրել էր Գաբրելյանովը՝ մեջբերելով Օնիկ Գասպարյանի խոսքերը։

Yerevan Today լրատվական կայքը փետրվարի 24-ին հրապարակեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը։ Ըստ կայքի, հարցը լսելուց հետո Խաչատրյանը երկար ծիծաղել է, հետո պատասխանել. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք: Չնայած այս հայտարարությանը՝ Տիրան Խաչատրյանը նույն օրը աշխատանքից ազատվեց։ Ի դեպ, Տիրան Խաչատրյանը պատերազմի ժամանակ Փաշինյանի կողմից արժանացել էր Հայաստանի ազգային հերոսի կոչման։

Ռուսաստանի արձագանքը և Փաշինյանի հետքայլը

«Իսկանդերի» խոտանված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը քննադատության արժանացավ Ռուսաստանում։ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Փաշինյանի հայտարարությունը բնութագրեց որպես «բացարձակ սուտ»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարություն տարածեց, որում հերքեցին Փաշինյանի պնդումը, թե արցախյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է գործածվել։ «Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ասվում էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգը բազմիցս փորձարկվել և հաջողությամբ գործածվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններում, և դա լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրված «Իսկանդերը» իր դասի մեջ լավագույնն է աշխարհում:

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունից հետո Փաշինյանը հետքայլ արեց իր նախորդ հայտարարությունից։ Մարտի 1-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և այլ հարցերի շարքում քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն հայտնեց այս առիթով։

Այս ամենից հետո Մովսես Հակոբյանը նշեց, որ պնդում է, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է։ «Ես չգիտեմ, թե ռուսական կողմը ինչու է նման հայտարարու­թյամբ հանդես եկել, չեմ կարող մեկնաբանել: Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ին­ֆորմացիա հրապարակի»,- ասել էր Հակոբյանը։

Մարտի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ ի վերջո, «Իսկանդեր» գործածվե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ ոչ։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից և որ ավելացնելու բան չկա։

Հայկական կողմից «Իսկանդերի» գործածումը մեկնաբանեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը պնդեց, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանը չի գրանցել «Իսկանդեր» հրթիռների արձակում։

Ռուսական տեսանյութը՝ Սիրիայում հիվանդանոց թիրախավորելու ապացույց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Փաշինյանի հայտարարությանը, նաև ապացույցներ էր ներկայացրել «Իսկանդերի» արդյունավետության մասին։ Որպես ապացույց հրապարակված մի տեսանյութում երևում է, թե ինչպես է Սիրիայում «Իսկանդերը» ճշգրիտ կերպով խոցում թիրախը։ Սիրիայով զբաղվող հետաքննող լրագրողները, տեսանյութում պատկերվող շինությունը տեղորոշելով, պարզեցին, որ դրանում երևում է, թե ինչպես է խոցվում Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքի հիվանդանոցը։ ՌԴ ՊՆ-ն չէր նշել, թե երբ է տեսանյութը նկարահանվել, սակայն տեսանյութում, ամենայն հավանականությամբ, երևում է 2016-ի փետրվարին Ազազի հիվանդանոցի խոցումը։ Այպիսով, փորձելով պատկերավոր ապացուցել «Իսկանդերի» արդյունավետությունը, Ռուսաստանը ակամայից հրապարակել է իր զինված ուժերի կողմից հիվանդանոցի թիրախավորումը․ մի բան, որը Ռուսաստանը նախկինում հերքել էր։

Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031