Մարտի 20-21-ը կայացել է Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համառուսական 3-րդ խորհրդակցությունը՝ «Դասավանդում եմ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին Կրասնոդարում խորհրդակցության մեկնարկի առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք և կարևորել նախաձեռնությունը երկխոսության միջոցով աշխարհասփյուռ հայության առջև ծառացած կրթական հիմնախնդիրներին միասնաբար լուծումներ գտնելու առումով:
«Ապրում ենք պատմական բարդ ժամանակներ և ունենք լուրջ մարտահրավերներ. մեկը, անշուշտ, համավարակն է, մյուսը՝ մեզ պատուհասած պատերազմը, և հիմա, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք միասնության, սփյուռքում հայկական կառույցների ուժեղացման: Համոզված եմ՝ գործընթացը պետք է սկսել կրթությունից: Այստեղ առանձնահատուկ դերակատարում ունեն սփյուռքի մեր կրթության, դպրության մշակները, որոնք կատարում են մատաղ սերնդին հայեցի կրթություն տալու հայրենանվեր գործը: Ամեն դժվարություն նաև հնարավորություն է: Արցախյան վերջին պատերազմը մղում է մեզ էլ ավելի խորամուխ լինել համայն հայության համախմբման գործում: Այդ առումով պետք է ավելի միասնական լինենք, դասեր քաղենք ու կարողանանք առերեսվել իրականությանը: Համավարակի պայմաններն էլ կրթական նոր ռեսուրսների ստեղծման ու հեռավար ուսուցման գործիքների ընդլայնման հնարավորություն են տվել: Ուզում եմ նշել, որ թե՛ պատերազմը, թե՛ համավարակը իրենց անդրադարձն են գտնում ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում, որը հիմա վերանայման փուլում է»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ մեկնարկել է հեռավար ուսուցման նոր հարթակի ստեղծման աշխատանքը, որի նպատակն է ապահովել համընդհանուր հասանելիություն, նոր որակի հեռավար կրթություն՝ կրթության իրավունքի իրացման, կրթության անընդհատության ապահովման տեսանկյունից. «Այն նաև դառնալու է այն ռեսուրս-հարթակը, որի հիման վրա մենք կարող ենք հաջորդաբար կրթական ծառայություններ առաջարկել նաև սփյուռքին: Այստեղ շատ ենք կարևորելու երկխոսությունը ձեզ հետ, որպեսզի այդ կրթական ռեսուրսներն առավելագույնը հարմարեցված լինեն ձեր կարիքներին: Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և շնորհակալություն եմ հայտնում «Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպությանը նման նախաձեռնություն կյանքի կոչելու համար»:
Կարդացեք նաև
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՌԴ հայկական դպրոցներում, կենտրոններում և լրացուցիչ կրթության օջախներում ուսուցողական ու մշակութային գործընթացների իրականացման միասնական ծրագրերի և մեթոդների ստեղծման հարցերը։
Խորհրդակցության նպատակն էր ձևավորել և զարգացնել ներդպրոցական կապեր, համախմբվածություն ընդհանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափարախոսության, հավատի և եկեղեցու շուրջ, «Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության հիմքի վրա ստեղծել հայեցի կրթության և դաստիարակության կենտրոն՝ երկրամասի լրացուցիչ կրթության մանկավարժների համար։
Խորհրդակցության օրակարգային հարցերից էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Ժամանակակից ինտերակտիվ մեթոդների օգտագործումը հայոց լեզվի դասերին», «Նախադպրոցականների հայերեն խոսքի ձևավորման առանձնահատկությունները օտարախոս միջավայրում», «Կրթության և դաստիարակության դերը սփյուռքում ազգային ինքնագիտակցության արթնացման և հայի տեսակի պահպանման գործում», «Հայկական թատրոնի դերը հայեցի հոգեկերտվածքի ձևավորման գործում» և այլն։
«Դասավանդում եմ Հայաստան» խորագիրը կրող խորհրդակցությունը փորձի փոխանակման հնարավորություն է տվել մասնակից ուսուցիչներին, որոնք ներկայացրել են իրենց դպրոցի և խմբակի պայմանների, կառուցվածքի, հաջողությունների և դժվարությունների, հայոց լեզվի և հայրենագիտության դասավանդման արդյունավետ մեթոդների կիրառման մասին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ