Մարտի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը բավականին թեժ էր, ավելին` հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հրապարակավ հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: Ըստ նրա՝ կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգով չէին արվել, մինչդեռ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ էին համարել անվավեր։
Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվել էր հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց, սակայն մյուս անդամները համարել էին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր ու հաստատել քվեարկության արդյունքները՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդներից Դավիթ Ղազարյանը եւս դժգոհություններ էր հայտնել, նաեւ այդ մասին գրառումներ կատարել ֆեյսբուքի իր էջում` մասնավորապես նշելով, որ եթե ռեկտորի քվեարկության արդյունքների արձանագրության տակ «ինչ-որ մի «ֆոկուսով» որևէ կախարդական գրչի միջոցով ավելանա 3-րդ ստորագրությունը, ապա դա քրեական պատասխանատվություն է առաջացնելու»։
Կարդացեք նաև
Аravot.am-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանը նշեց. «Հոգաբարձուների խորհուրդը չգիտես ինչու որոշել էր շատ արագ անել ռեկտորի ընտրություններ, ի դեպ նախորդ ռեկտորի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2020թ հունիսին, եւ մինչեւ հիմա պարտականությունները կատարող անձ կար, բայց չգիտես ինչու հիմա են որոշել, որ ընտրություն պետք է անեն:
Ես կարող եմ ենթադրել, որ դա կապված է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի ընդունվելու հեռանկարի հետ, որ արդեն մտել է ԱԺ: Նոր օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմը լրիվ պետք է փոխվի, ձեւավորման կարգն էլ է փոխվում:
Այս կազմը հաստատվել էր ամռանը, ինչի հետ կապված ուրիշ խնդիրներ կան` հատկապես պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության առումով: Հիմա հոգաբարձուների խորհուրդն իր այս կազմով ցանկանում էր իր ուզած թեկնածուին անցկացնել: Հապշտապությունը հենց դրանով է պայմանավորված:
Հունվարի 22-ին կարգը փոխել են: Այն ժամանակ կար գիտության դոկտորի կամ պրոֆեսորի պահանջ, հիմա դա հանել են ու դարձրել գիտական աստիճանի առկայություն: Հին կարգը անկատար էր, բայց կարգի մեջ միայն այդ կետն է փոփոխվել, թեեւ այլ առաջարկություններ էին արվել: Հունվարի 27-ին հայտարարվել է մրցույթը ռեկտորի ընտրության, փետրվարի 17-ին փաստաթղթերի վերջնաժամկետը, եւ մարտի 1-ին ընտրությունը, իսկ մարտի 3-ին էլ քննարկվում էր Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը ԱԺ-ում:
Իրենք ասում են, որ իբր մարտի 1-ը Պոլիտեխնիկի ծնունդն է, դրա համար որոշեցինք այդ օրը նշանակել ընտրության օը, ուղղակի դա չիմացողների համար հիմնավորում է»:
Դավիթ Ղազարյանն անդրադարձավ նաեւ ընթացակարգային խախտումներին. «Պահանջ կար, որ մրցույթից 7 աշխատանքային օր առաջ պետք է փաստաթղթային փաթեթը ներկայացված լիներ հոգաբարձուների խորհրդի անդամներին, մինչդեռ չի ներկայացվել, ինչի մասին բարձրաձայնել ենք: Իրենք ասում են` ցուցակը տվել ենք, բավական է, մինչդեռ ցուցակով ի՞նչ պետք է ընտրել: Գլխավոր փաստաթուղթը համալսարանի զարգացման հայեցակարգն է, որն իրենք չեն տրամադրել:
Ես ֆեյսբուքյան աղմուկ բարձրացրի, մյուս թեկնածուներն էլ դիմեցին, եւ ի վերջո մեզ հարցրին` ուզո՞ւմ եք տանք, մենք ասացինք` իհարկե ուզում ենք, մինչդեռ համալսարանի կայքում վերջնաժամկետից հետո պետք է բոլորինը հրապարակվեր: Երբ մենք ասում էինք` ասեք, թե մրցույթի օրը քանի րոպե եք հատկացնելու խոսելուն, մրցույթի օրը միայն որոշեցին, թե քանի րոպե պետք է լինի: Իսկ դա իրենց ոչ ցանկալի թեկնածուների համար արհեստական խոչընդոտ էր: Եվ հենց հատուկ այդ պատճառով էլ ինքս պրեզենտացիա չէի պատրաստել, թեեւ իմ 15 րոպեն օգտագործեցի եւ խոսեցի:
Ըստ կարգի, առավելագույն ձայներ ստացած թեկնածուն պետք է 50 տոկոս +1, այսինքն` 17 ձայն պետք է ստանար, առաջին փուլում 16 ձայն ստացավ իրենց թեկնածուն, եւ միայն իր համար երկրորդ փուլ նշանակվեց, մինչդեռ նորմալ ընտրությունների դեպքում առաջին երկու շատ ձայներ հավաքածներն են մասնակցում երկրորդ փուլին: Խոսքն իմ մասին չէ, ես 1 ձայն եմ ստացել, բայց կա թեկնածու, որ 13 ձայն է ստացել եւ նորմալ կլիներ, որ 2-ի համար լիներ: Իսկ իրենք ասում են, կարգում այդպես է գրված:
1 հոգանոց թեկնածուով «ընտրության» կուլմինացիան երկրորդ փուլին տեղի ունեցավ: 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողով ընտրվեց: Իրենք մոտ 2 ժամ առանձնացել էին եւ 23 քվեաթերթիկ էին հաշվում, ինդուստրիայի ներկայացուցիչները եւ էլի շատերն ուղղակի բոյկոտել էին ու չէին եկել, իսկ այդ 23-ը 2 ժամ հաշվում էր: Եվ 3 քվեաթերթիկի անվավեր լինելու հարցն էր քննարկվում: Սկզբում 3 հոգին կողմ էին, որ միայն 1-ը անվավեր ճանաչվի, հետո երրորդն էլ է միացել, որ պետք է անվավեր ճանաչեն, ու հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակայնորեն հրաժարվում է իր լիազորություններից: Դրանից հետո իրեն միանում է մեկ այլ անդամ` ինդուստրիայի ներկայացուցիչ, ապա եւս մեկը: Փաստորեն 5-ից 3-ը հրաժարվում են հանձնաժողովի անդամ լինելուց:
Ցավոք, կարգը այս դեպքերում չի սահմանում, ինչ է լինում,եթե նախագահը հրաժարվում է ստորագրել: Կարգի 39-րդ կետն ասում է, որ պետք է բոլորը ստորագրեն»:
Դավիթ Ղազարյանը փաստում է, որ արձանագրության տակ ստորագրողներից 2 հոգուց մեկը ուսխորհրդի ներկայացուցիչ է, մյուսը դասախոսական կազմից է. «Իրենք ստորագրում են, հետո ըստ լուրերի հայտարարվում է, թե արձանագրության տակ կա 3 ստորագրություն, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը բաց քվեարկությամբ 17 ձայնով հաստատում է: Բայց պարզվում է, որ ընդամենը 2 ստորագրություն կա: Փաստորեն, հանձնաժողովի անդամները ինչ-ինչ պատճառներով չեն տեղեկացրել, որ 2 ստորագրություն կա արձանագրության տակ: Հիմա պետք է դա ԿԳՄՍ նախարարություն ներկայացվի, նախարարությունն էլ կառավարություն ներկայացնի՚ հաստատելու համար` 5 աշխատանքային օրվա ընթացքում»:
Դավիթ Ղազարյանի կարծիքով, պետք է ԿԳՄՍ նախարարությունը չեղյալ համարի այդ մրցույթը. «Հիմա իրավունքի ուժով է, թե որպես լիազոր մարմին նախարարությունը պետք է չեղյալ հայտարարի, կամ կառավարությունը որպես հիմնադիր պետք է արգելանք դնի ու ցրի այս հոգաբարձուների խորհուրդը: Եվ մինչեւ նոր օրենքն ուժի մեջ չմտնի, ռեկտորի ընտրություն չկայանա, ու ռեկտոր ընտրվի նոր կարգով: Ինձ համար ընդունելի տարբերակն այն է, որ մրցույթը չեղյալ հայտարարվի»:
ԿԳՄՍ նախարարության տեսակետը կներկայացնենք, ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ