Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի հնարավորինս երկարաժամկետ աշխատանքը, նոր էներգաբլոկի կառուցումը կարևոր է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ ՀՀ ազգային և պետական անվտանգության համատեքստում

Մարտ 22,2021 19:44

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիրքորոշումը Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի վերաբերյալ

Վերջին օրերին հանրային լայն հնչեղություն է ստացել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի հնարավոր չերկարաձգման, ինչպես նաև ժամկետի չերկարաձգման ռիսկի քաղաքական բաղադրիչների վերաբերյալ հարցը:

Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ն արտադրվում է ատոմային կայանում, շուրջ 60%-ը՝ գրեթե հավասարապես հիդրո և ջերմային կայաններում։ Ատոմային կայանում արտադրվում է գրեթե ամենացածր ինքնարժեքով էլեկտրական էներգիան: Դա նշանակում է, որ ՀԱԷԿ աշխատանքն անչափ կարևոր է սեփական էներգետիկ ռեսուրսներ չունեցող և ներկրվող վառելիքից մեծ կախվածություն ունեցող մեր հանրապետության համար:

Թեև Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2021թ. №48-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)» նշվում է, որ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը, սակայն բացակայում են հստակ տարբերակներ և ուղենիշներ, որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է համապատասխան միջոցներ ներգրավվեն նոր էներգաբլոկի կառուցման համար, որքա՞ն պետք է լինի կայանի հզորությունը, ի՞նչ տիպի և ո՞ր երկրների արտադրության ռեակտոր(ներ) պետք է տեղակայվեն և այլն:

Մինչև 2023 թ. պետք է ավարտվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, իսկ ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականը: Ըստ մասնագետների նախնական գնահատականների` արդիականացման արդյունքում 2026 թվականից հետո կայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը:
Հարկ է նաև նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ միջազգային տարբեր հարթակներում մեծաթիվ ռեսուրսներ են ծախսել և ներկայումս էլ ծախսում են՝ հետապնդելով Հայաստանին խաղաղ ատոմի օգտագործման և այդ ոլորտում միջազգային ընտանիքի անդամի կարգավիճակից զրկելու նպատակ: Այն պարագայում, երբ Թուրքիայում ներկայումս կառուցվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկից ավելի քան տասն անգամ մեծ հզորությամբ ատոմային էլեկտրակայան, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին:

Իսկ Ադրբեջանը բանակցություններ է վարում ՌԴ հետ իր տարածքում ևս ատոմակայան կառուցելու համար: Ուստի ՀԱԷԿ-ի հնարավորինս երկարաժամկետ աշխատանքը, հետագայում նաև նոր էներգաբլոկի կառուցումը կարևոր է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական անվտանգության համատեքստում: Այն նաև տարածաշրջանային նշանակության հարց է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի մինչև 2026 թվականը, ապա դրանից հետո նաև մինչև 2036 թվականը երկարաձգելու և հետագայում նոր էներգաբլոկի կառուցումն ապահովելու համար: Միայն հստակ, թիրախային քայլերով և նպատակային բարեփոխումներով, որոնք միտված կլինեն էներգետիկ ոլորտի ռազմավարական երկարաժամկետ և շարունակական զարգացմանը, հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի իրական դիվերսիֆիկացիա:

«Ժողավրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031