Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը դիմել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:
Հիշեցնենք՝ մարտի 16-ին ՀՀ ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը լրագրողին ասել էր. «Ես հիմա ֆեյքերին հոսանքազրկում եմ, դուք հիմա հոսանքազրկված եք, գնացեք, էլ չկաք»։
Մարտի 5-ին Եռաբլուրում ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա հրելով փորձել էր խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։
Aravot.am-ի հետ զրույցում Անի Գևորգյանը տեղեկացրեց՝ հավանաբար այսօր Արարատ Միրզոյանը կստանա իր դիմումը, հետո արդեն պարզ կլինի՝ որևէ գործողություն ձեռնարկելո՞ւ են, թե՞ ոչ: Անի Գևորգյանն այս առիթով պարզաբանեց. «ՀՀ ԱԺ նախագահն իր լիազորությունների շրջանակներում պետք է ուղարկի դիմումը «Իմ քայլը» խմբակցություն, որպեսզի այն որոշի՝ քննարկման առարկա դարձնո՞ւմ են, թե՞ ոչ: Արդեն ասել եմ, որ սպասելիքներ մեծ հաշվով չունեմ, բայց, այնուամենայնիվ, ելնելով նրանից, որ խորհրդարանական մեծամասնությունն «Իմ քայլն» է, և այդ խմբակցությունում կան նաև շատ լրագրող պատգամավորներ, որոնք ժամանակին ևս ճնշումների են ենթարկվել և հասկանում են՝ ինչ է նշանակում, երբ լրագրողին ճնշման են ենթարկում, դիմել եմ ԱԺ նախագահին: Ուզում եմ՝ այս անգամ գոնե ես սխալվեմ, և իրենք, այնուամենայնիվ, գործընթաց սկսեն»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու է լրագրողը թերահավատ, որ իր դիմումին ընթացք կտան, Անի Գևորգյանն ասաց. «Դրա պատճառը նաև այն է, որ այս խորհրդարանում նաև լրագրողի մուտք արգելեցին՝ մասնավորապես, մեր գործընկեր Սյուզի Բադոյանի մուտքը, և մենք գիտենք՝ այդ աղմկահարույց միջադեպը, երբ լրագրողի ձեռքից բարձրախոսը պատգամավոր Հայկ Սարգսյանը խլեց, բայց արդյունքում Սյուզի Բադոյանը զրկվեց խորհրդարան մտնելու հնարավորությունից, ինչի հետ կապված Սյուզի Բադոյանը կոնկրետ գործողություններ է նախաձեռնել, տեսնենք՝ դրանք ինչ արդյունք կտան»:
Մեր հարցին՝ եթե ՀՀ ԱԺ նախագահն ընթացք չտա իր դիմումին, ի՞նչ քայլերի է դիմելու, Անի Գևորգյանը պատասխանեց. «Նախ, եթե ընթացք չտան, դրանով արդեն պարզ կլինի, որ նմանատիպ վարքագիծը, որը դրսևորում են Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը և այլք, այդ վարքագիծը սատարում են «Իմ քայլում», սատարում է նաև ԱԺ նախագահը: Դրանից հետո արդեն կախված իրավիճակից, եթե Անդրանիկ Քոչարյանը շարունակի նույն վարքագիծը, կարող եմ դիմել դատարան, լրագրողական այլ կազմակերպությունների, կարող եմ դիմել մինչև ՄԻԵԴ»:
Հետաքրքրվեցինք՝ կասկածներ ունի՞, թե ինչն է պատճառը, որ Անդրանիկ Քոչարյանը մշտապես փորձում է խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը, Անի Գևորգյանը պատասխանեց. «Ելնելով իր ակնարկներից՝ ես կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ Բաղրամյան պողոտայից իմ ուղիղ եթերների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Անդրանիկ Քոչարյանի հայտնի հայտարարությանը, որ եթե խոսում են շենք-շինություններ գրավելուց, պիտի պատրաստ լինեն, որ իրենց վրա կարող են կրակել, դրա լեգիտիմ իրավունքը պետությունն ունի: Այդ հայտարարությունից հետո ես Բաղրամյան պողոտայում զրուցել եմ թե′ քաղաքացիների հետ, որոնք իրենց դիրքորոշումն են հայտնել դրա հետ կապված, թե′ Բաղրամյան պողոտայում տեսել եմ նաև Լյովա Երանոսյանին, ում հետ ևս զրուցել եմ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում այդ հարցն եմ տվել: Նա Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ արել է կոշտ արտահայտություն, որից հետո նաև ասել է՝ թող Անդրանիկ Քոչարյանը զենք բռնել սովորի: Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ես Լյովա Երանոսյանի բարեկամն եմ: Նման բան չկա: Անընդունելի եմ համարում այն, որ եթե ինչ-որ մեկից ես հարցազրույց եմ վերցնում, փորձում է ինձ նույնացնել նրա հետ: Այդ նույն հաջողությամբ ժամանակին իրենից շատ հարցազրույցներ եմ վերցրել»:
Անի Գևորգյանն իրեն լռեցնելու մեկ այլ փորձ է համարում այն, որ երբ Անդրանիկ Քոչարյանն իր համար ոչ ցանկալի հարցից ուզում է խուսափել, ասում է՝ ձեր տերերին կհարցնեք: Այս առիթով լրագրողը վրդովվեց ու հայտարարեց. «Լրագրողը տեր չունի, եթե աշխատում է այս կամ այն ընկերությունում, դա չի նշանակում, որ այդ ընկերության տնօրինությունն իր տերն է: Լրագրողն անկախ է, իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում: Ու ինձ համար շատ անհասկանալի է, որ Անդրանիկ Քոչարյանը նման վարքագիծ դրսևորում է նաև այն ժամանակ, երբ ես մոտենում եմ Վաղարշակ Հարությունյանին: Առնվազն Վաղարշակ Հարությունյանի հետ կապված երկու դեպք եղել է, և նաև երբ մոտեցել եմ Սասուն Միքայելյանին: Անհասկանալի է նաև այն, որ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստերի ժամանակ ինձ պարբերաբար հիշում է: Երբ ես, օրինակ, հեռախոսիս մեջ եմ նայում, ասում է՝ տիկին Գևորգյան, հետաքրքիր է, լսեք, բայց ես ձայն չեմ հանում: Երբ գործընկերներիցս որևէ մեկը նիստի ժամանակ ինձ որևէ բան է ասում, միանգամից ասում է՝ տիկին Գևորգյան, զսպվածության կոչ եմ անում: Այդ անձը թիրախավորել է ինձ և փորձում է ճնշում գործադրել ինձ վրա՝ բղավելու, այս կամ այն անձի հետ ինձ կապելու միջոցով»:
Անի Գևորգյանն ասաց՝ իր համար նաև զարմանալի են Անդրանիկ Քոչարյանի պոռթկումները, որովհետև նա պիտի հասկանա՝ ինքն իր աշխատանքն է անում. «Շատերը կարող են ինձ հետ զրույցում անդրադառնալ նաև իր հայտարարություններին: Այդ նույն հաջողությամբ ինքն ինձ հետ զրույցներում անդրադարձել է Յուրի Խաչատուրովին, Սերժ Սարգսյանին: Հիմա պիտի ինձ նույնացնեին Անդրանիկ Քոչարյանի հե՞տ»:
Անի Գևորգյանը ցավով նշեց, որ իշխող խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չի դատապարտել իր հետ տեղի ունեցածը: Տեղեկացրեց՝ միայն ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն է անդրադարձել՝ ելնելով նրանից, որ ինքը դիմել է նրան, որ հնարավորության դեպքում խորհրդարանում բարձրացնի այդ հարցը:
Զրույցն ամփոփելով՝ Անի Գևորգյանը նշեց. «Ոչ ոք, այդ թվում նախկին լրագրող մեր գործընկերները չեն դատապարտել: Լրագրողական կազմակերպություններից դատապարտել է Ժուռնալիստների միությունը, «Մեդիա պաշտպանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Յուրաքանչյուր բռնություն լրագրողի հանդեպ պետք է կոշտ քննադատության ենթարկվի: Միևնույն ժամանակ, իմ համոզմամբ, ինչ որ կերպ անհրաժեշտ է հստակ սահման գծել լրագրողների և պրոպագանդիստների միջև: