Ինչպես տեղեկացրել ենք, ԱԱԾ-ն ձերբակալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի մի քանի աշխատակիցների։ Դա տեղի էր ունեցել ուրբաթ օրը։ Նրանք արդեն ազատ են արձակվել։ Թե ո՞րն է եղել պատճառը, մինչ այս պահը պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա։
Ի դեպ,այս պահին զբաղվածության կենտրոնի դռները կապարակնքված են, այն չի գործում (լուսանկարում)։
Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի պաշտպան, փաստաբան Արմեն Թևանյանը մեզ հեռախոսով փոխանցեց․ «Քրեական գործ կա, ձերբակալված մարդ չկա»։ Թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցված քրեական գործը, չհաջողվեց պարզել։
Ինչևէ, Գյումրիում համառ լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ-ի «ձերբակալել-ազատ արձակել» օպերացիայի հետևում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն է կանգնած։ Բանն այն, է որ Գյումրիում գործող սոցիալական բոլոր կառույցներն ապրիլի 1-ից միավորելու են։ Այն գործելու է՝ «մեկ պատուհան» սկզբունքով, սոցիալական աջակցության տարածքային բաժիններն արդեն իսկ լուծարել են՝ վերամիավորելու նպատակով։
Կարդացեք նաև
Պատգամավորը, ըստ այդ լուրերի, ցանկանում է տնօրեն կարգել իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, որը երկար տարիներ աշխատել է Գյումրու ծերանոցի փոխտնօրեն, զբաղեցրել է Գյումրու սոցիալական տարածքային բաժիններից մեկի պատասխանատուի պաշտոնը։ Այժմ էլ, ըստ լուրերի, պատգամավորը փորձում է ճանապարհից վերացնել այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նորաստեղծ կառույցի հավանական տնօրեն լինել։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Կարեն Սարուխանյանից։ Պատգամավորը, լսելով մեր հարցը, ծիծաղեց, շրջանառվող խոսակցությունները համարեց աբսուրդի ժանրից։
«Ես նման տեղերում չկամ, դա իմ գործառույթների մեջ չի մտնում։ Երբ մամուլում շրջանառվեց, փորձեցի հետաքրքրվել և տեղեկացա, որ կոռուպցիոն բնույթի սխեմա է եղել , և տվյալ պահին են ձերբակալել։ Ես այդտեղ ի՞նչ պետք է անեի, որ իմ անունն եմ շահարկում։
Ես մոտավորապես հասկանում եմ, որ կողմերից են շահարկումները։ Այո՛, նախկին իշխանություններից, դաշնակցական-կուսակցական և այլն, ձերբակալություններ մարզում այս ընթացքում եղել են, նրանք դպրոցի տնօրեններ են եղել և այլ, և այլն, հիմա հավաքվել են մի տեղ, ինչ կոռուպցիոն սխեմա բացահայտվում է, չգիտես ինչու կապում են ինձ հետ։
Ես դրա հետ այնքանով կապ ունեմ, որքանով որ ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, որը բացառում է կոռուպցիան։ Այդքանով կապ ունեմ, իսկ թե ոնց է եղել, ով ումից երբ և այլն, բնականաբար նման հարցերի հետ կապ ունենալ չեմ կարող։
Իսկ հորեղբորս տղան սոցիալական ծառայություններից մեկի, կարծեմ Գյումրի 1 կամ Գյումրի 2-ն է, դա էլ չգիտեմ, դրա տնօրենն է։ Եվ անկախ նրանից, որ իմ հորեղբոր տղան է, նա երկար ժամանակ եղել է Գյումրու ծերանոցի փոխտնօրեն, դրանից հետ Գյումրու ծերանոցի տնօրեն, ինքը սոցիալական ոլորտի ստաժ ունի, փորձ ունի, վարչարար է, և իմ դերակատարությունն այդ ամենի մեջ, վստահեցնում եմ՝ չկա։
Ես ուղղակի զարմանում եմ՝ ես ի՞նչ պետք է անեի, որ որևէ մեկին ձերբակալեի կոռուպցիոն սխեմայով։ Միգուցե ժամանակին նման պատվերներ են եղել, ինչ-որ բաներ են արել, բայց վստահ եմ՝ Ազգային անվտանգությունն այն մարմինը չէ, որ առանց որևէ փաստարկի ձերբակալություն կատարի, ուրեմն ինչ-որ բան եղել է, մանրամասնություններին չեմ տիրապետում», -ասաց պատգամավորը։
Կարեն Սարուխանյանը նաև նեղվեց, որ նմանատիպ ինչ պատմություն լինի, կապում են իր անվան հետ և ասաց՝ չի բացառում, որ այս խոսակցությունները տարածվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իրեն սևացնելու նպատակով։
Նա նաև նշեց, որ «այդ տիկնոջը» (ի նկատի ուներ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավարին, Ա․Ն․) հազիվ երկու անգամ տեսած լինի, չի ճանաչում նրան, և նաև մանրուքներով չի էլ տիրապետում վերջինիս գլխավորած կառույցի գործառույթներին։
«Մեկ դպրոցների հետ են անունս կապում, մեկ չգիտես ինչի․․․ Ի՞նչ կապ ունեմ, անունս անհարկի որերորդ անգամ շահարկում են։ Կարող է ընտրական-քաղաքական պրոցեսների հետ է կապված, փորձում են զուտ սևացնել, անվանս հետ խաղալ, բայց ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես նման բաներով չեմ զբաղվում»,- ասաց Կարեն Սարուխանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ