Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհասկանալի է՝ ինչու է մեր պետությունը ցանկանում գործ ունենալ կասկածելի պատվաստանյութերի հետ»

Մարտ 22,2021 16:53

 Պահանջում ենք հրաժարվել հանցավոր գործարքից 

Հայաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել պատվաստել Covid 19-ի դեմ Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca ընկերության կողմից մշակված  պատվաստանյութով: Մեր գրպանից առասպելական գումար է վճարվել, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Sputnik V պատվաստանյութը մի քանի անգամ ավելի էժան և անվտանգ:

Ի դեպ, մարտի կեսերին, հայտնաբերված կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվության պատճառով, ավելի քան 20 երկրներ հայտարարեցին   AstraZeneca անգլո-շվեդական ընկերության  պատվաստանյութի մասնակի կամ ամբողջական մերժման մասին: Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Դանիան, Նորվեգիան և Իսլանդիան առաջինն էին։ Վերջին օրերին այդ մասին հայտարարեցին  ԵՄ խոշորագույն երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, ինչպես նաև Սլովենիան, Պորտուգալիան և Կիպրոսը: Պատվաստանյութի օգտագործումը դադարեցվել է նաև Եվրոպայից դուրս։ Լրատվամիջոցներով տարածվեց այն լուրը, որ Բրաունշվեյգում Օքսֆորդի պատվաստանյութով պատվաստված 88 բժշկից 37-ն իրենց այնքան վատ են զգացել, որ չեն կարողացել աշխատել, և հիվանդանոցը ստիպված է եղել  ժամանակավորապես դադարեցնել անձնակազմի պատվաստումը:

Հետաքննվում են AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո գլխուղեղի արյունազեղումից կնոջ մահվան հանգամանքները,  պատվաստվածների մոտ թրոմբների առաջացման մասին հաղորդումները: Ինչպես հաղորդում է Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), պատվաստված հիվանդների մոտ հայտնաբերվել է թրոմբոէմբոլիզմի 30 դեպք:

Ամենահետաքրքիրն այն է, որ արտադրողը պատասխանատվություն չի կրում պատվաստումներից հետո առաջացած բարդությունների համար և չի վճարելու փոխհատուցում իրավական պահանջների դեպքում. ամբողջ ֆինանսական պատասխանատվությունն ընկնելու է պետությունների կառավարությունների վրա: Իսկ Հայաստանում ոչ ոք երբևէ պատասխանատվություն չի կրել նման դեպքերի համար: AstraZeneca պատվաստանյութի հետ կապված սկանդալի ֆոնին ռուսական Sputnik պատվաստանյութի մասին ավելի ու ավելի դրական արձագանքներ են հայտնվում:

Sputnik-ի օգտագործմանը հաջորդած բարդությունների կամ մահվան դեպքերի մասին դեռևս չի եղել որևէ հաղորդագրություն: Եվ այն արդեն օգտագործվում է եվրոպական շատ երկրներում։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու է մեր պետությունը ցանկանում գործ ունենալ կասկածելի պատվաստանյութերի հետ՝ փորձարկումներ կատարելով իր քաղաքացիների վրա։ Արդյոք, գարդասիլի օրինակով, բազմաթիվ երկրների կողմից մերժված և ավելցուկ դարձած խմբաքանակը թանկ գնով չե՞ն վաճառում մեր նման երկրի վրա։  Հայտնի է, որ իրական պատերազմ է գնում վաճառքից առավելագույն շահույթ ստանալու համար։ Եվ մեր կառավարությունը ներքաշված է այս կեղտոտ խաբեության մեջ։

Կոչ ենք անում մասնագիտական կառույցներին, հանրությանը, քաղաքական և  հասարակական կազմակերպություններին միանալ մեր պահանջին և հրաժարվել AstraZeneca և այլ կասկածելի պատվաստանյութերից Հայաստանում: Պատերազմի ընթացքում և հետագա ամիսներին մեր ժողովուրդը ֆիզիկական և բարոյական ահռելի կորուստներ ունեցավ: Եվ ազգի առողջության հետ կապված հաջորդ փորձերն անընդունելի են:

Նիկոլ Փաշինյան և դեռևս իշխողներ՝ մի ավելացրեք ձեր մեղքի բեռը։ Պատիժն անխուսափելի է լինելու։

«Մտավորականների խորհուրդ» հասարակական նախաձեռնություն 

«Հայահավաք» շարժման նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031