Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի ծնող. «Ստացվում է, որ հայրենիքը զինվորինն է, իսկ զինվորը պետության համար մղվում է երրորդ, չորրորդ պլան»

Մարտ 22,2021 16:26

Արցախյան վերջին պատերազմով անցած ժամկետային զինծառայողների ծնողները այսօր կառավարության շենքի առջեւ Aravot.am-ին ասացին, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հասկացել են, որ իրենց զավակների վիճակը օրհասական է, ինչից հետո դիմել են ՊՆ, կառավարություն՝ պահանջելով ժամկետային զինծառայողների դուրսբերումը Արցախից, ծառայության ժամկետի կրճատում նվազագույնը վեց ամսով, ինչպես նաեւ առողջական եւ կրթական սոցփաթեթների տրամադրում:

«Ուշադրություն դարձրեք, խոսքը ժամկետային զինծառայողների մասին է, ոչ թե զորքի: Մենք պարտավոր ենք պաշտպանել Արցախը, որտեղ ունենք հինգ հազար հերոսացած տղաներ, որտեղ արյուն ենք թողել: Արցախը մեր պատմական հայրենիքն է: Բայց եթե այդ ամբողջ ծանրությունը էլի պետք է շարունակի կրել 44 օր պատերազմի ամբողջ ծանրությունն իր ուսերին տարած 18-20 տարեկան երիտասարդը, դա արդեն արդար չէ: Մեր մոտեցումը եղել է կառուցողական՝ երեխաների ծառայությունը կազմակերպել համեմատաբար հարմար վայրերում եւ զորանոցային պայմաններում»,- ասաց ծնողներից Հրայր Կարապետյանը:

Կառավարության առջեւ հավաքված ծնողները իրենց զավակների ներկայիս ծառայության ընթացքի մասին որոշ մանրամասներ պատմեցին՝ միեւնույն ժամանակ խնդրելով, հասկանալի պատճառներով դրանք չհրապարակել: «Արդեն հինգերորդ ամիսն է: Հանդիպել ենք տարբեր ատյաններում, վարչապետի հետ արդեն չորս հանդիպում եղել է: Այսօր հինգերորդը կլինի: Ասում են՝ համամիտ ենք ձեր հետ, կիսում ենք ձեր կարծիքները, ձեր պահանջներն արդարացի են, տղաներն արժանի են խրախուսման: Բայց միայն ասում են: Մինչեւ հիմա բացարձակ ոչինչ չի արվել: Մեզ այլեւս ոչ մի պատճառաբանություն չի հետաքրքրում: Պահանջում ենք նաեւ, որպեսզի պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցած լինելու մասին համապատասխան հստակ նշումներ կատարվեն՝ հետագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար, որովհետեւ այսօր զինվորներ կան ու նրանց թիվը քիչ չէ, որոնց վրա քրեական գործեր են հարուցվել: Ժողովրդական խոսք կա. վերքը տիրոջն է ցավ պատճառում: Հիմա ծնողներն ամեն ինչի պատրաստ են հրաշքով մազապուրծ եղած իրենց երեխաների վաղվա օրը վերջնականապես չկործանելու համար», – ասացին նրանք:

Հարցին, թե իրենց բարձրացրած պահանջներին մասնակի լուծումների պատրաստակամություն լինելու դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, ծնողները պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն բոլորի անունից հայտարարություն անել: «Բնականաբար, կքննարկենք: Կրկնում ենք, մենք մեր երկրի թշնամին չենք ու պետականությանը վնասող քայլեր չենք պատրաստվում անել: Մեր առաջարկները կառուցողական են:

Հերոսական պայքարը տվել են մեր զավակները, որոնց հետ պատերազմի ժամանակ եթե ստացվում էր կապ հաստատել, վստահեցնում էին, թե կռվելու են մինչեւ վերջ: Իսկ մենք հորդորում էինք, որ կռվեն այնպես, որպեսզի հետո ոչ իրենք, ոչ իրենց ծնողները չամաչեն: Մենք ուզում ենք, որպեսզի մեր զավակները ծառայությունն ավարտեն ոչ թե դասալիքի, այլ այն կարգավիճակով, որ իրենք պատերազմի 44 օրերին բոլորի համար հերոս էին:

Տեսեք, մենք պահանջում ենք առողջական եւ կրթական սոցփաթեթների տրամադրում: Այսօր պատերազմի մասնակից զինվորներ կան, որ դիմել են առողջական խնդիրներով, բայց իրենց պատասխանում են, թե պետությունը նրանց նկատմամբ իր պարտականությունները ավարտել է, եւ նրանք պետք բուժում անցնեն սեփական միջոցներով: Ստացվում է, որ զինվորը պետության համար օգտագործված թաշկինա՞կ է, որ հայրենիքը զինվորինն է, իսկ զինվորը պետության համար մղվում է երրորդ, չորրորդ պլան: Նա այդպիսի՞ վերաբերմունքի է արժանի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031