Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնավոր բուհերը մինչեւ 2023-ը պետք է հավատարմագրվեն, հակառակ դեպքում կարգելվի ընդունելություն կազմակերպել. ԿԳՄՍ նախարար

Մարտ 22,2021 16:09

«Այն բուհերը, որոնք այսօր չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում, իսկ այդպիսի բուհեր կան, մասնավոր բուհերն են, քանակը բավականին մեծ թիվ է, նրանց տրված է ժամկետ, որ մինչեւ 2023-ի նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Չանցնելու պարագայում չեն կարող այլեւս բուհ ընդունելության գործընթաց կազմակերպել»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նաեւ նշեց, որ 2027-ից սկսած՝ բուհերը կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում. «Խոսքը արտաքին հավատարմագրման մասին է: Մինչ այդ սեփական կենտրոնների միջոցով կարող են ինքնահավատարմագրման գործընթաց անցնել: Այն բուհերը, որոնց ժամկետը 2022, 2023 թթ-ներին են ավարտվում, մենք նրանց տվել ենք ժամանակ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը: Ավտոմատ նրանց հավատարմագրման ժամկետը կերկարացվի մինչեւ 2025-ի հունվարի 1-ը: Անխտիր բոլոր բուհերը պետք է անցնեն հավատարմագրում ու ինչ-որ պահից սկսած աշխատեն նույն կանոններով»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ եթե ուսանողներն ընդունվել են մասնավոր բուհ ու այդ բուհը չի անցնում հավատարմագրում, ի՞նչ անեն այդ ուսանողները՝ նախարարը պատասխանեց, որ այդ խնդիրն արդիական կլինի միայն մասնավոր բուհերի պարագայում, որովհետեւ բոլոր պետական բուհերն ունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում. «Դիցուք, ինչ-որ բուհ չունի հավատարմագրում, գործում է որոշակի կանոններով: Ունեն հավատարմագրում՝ ըստ մասնագիտությունների, ոչ ինստիտուցիոնալ է, ոչ ծրագրային: Մենք իրենց ասում ենք՝ մինչեւ 2023-ի նոյեմբերի 1-ը, եթե ուզում եք ձեր ավարտական փաստաթուղթը ճանաչվի պետության կողմից, պետք է անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Եթե անցան՝ նորմալ է, եթե չանցան՝ նորմալ չէ, այլեւս իրենց ավարտական փաստաթուղթը չի ճանաչվի ու իրենք չեն կարող ընդունելություն կազմակերպել: Բայց ուսանողը կավարտի այնպես, ինչպես նախորդներն են ավարտել, ուսանողը մեղք չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031