ԱՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՇԱԲԱԹԸ
📌Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 129-ով:
Հանրապետությունում ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած 7 օրվա կտրվածքով գրանցվել է հրդեհի մասին 14 հաղորդում, որից 13-ը մայրաքաղաքում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում, հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է: Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին: Տուժածներ չկան:
911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեկ դեպք: Տուժել է 1 քաղաքացի: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության նրա վիճակը բավարար է:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կազմակերպությունները շարունակում են Արցախը մաքրել չպայթած զենք-զինամթերքից: Այս մասով ստացվել է 51 կանչ: Պայթուցիկ առարկաների վնասազերծում կատարվում է գրեթե ամեն օր՝ կախված եղանակային պայմաններից:
ՏԵՂԵԿԱՆՔ
2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետևակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 և ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական, 67 հատ ձեռքի նռնակ և տարբեր տեսակի 150 միավոր ռազմամթերք: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:
Կարդացեք նաև
Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 43 կանչ: Մեծամասնություն են կազմում ջրամատակարարման, վերելակի և դռան բացման դեպքերը: Արցախի փրկարարները շարունակում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարել գերազանց, ամեն անգամ վերահաստատելով մեր հումանիտար առաքելությունը:
Պատերազմը չի ավարտվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի համար: Փրկարար ջոկատները Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1518 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն