«2016թ.-ին, երբ օրենսգիրքը նոր էր ընդունվում, առաջին մարդը, ով մեզ «գլխի գցեց», որ ընտրական ցուցակները խնդրահարույց են՝ Էդմոն Մարուքյանն էր: Հիմա ինձ համար անընկալելի է «Լուսավոր Հայաստանի» վարքագիծը»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Արտահերթ ընտրություններ. նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը:
Նրա կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները բխում են բոլոր կուսակցությունների շահերից, եթե, իհարկե, դրանք պարզապես «հարուստների բիզնես պրոեկտներ» չեն: Բանախոսը հուսով է, որ «Իմ Քայլը» կգնա մինչև վերջ և առաջարկություններն օրենքի ուժ կստանան:
«Վերջերս կատարվել են մի շարք հարցումներ, որոնք նույնպես ապացուցել են, որ հասարակությունը ցանկանում է տեսնել ընտրական համակարգում փոփոխություն: Իսկ ներկայիս գործող օրենսգիրքը պարզապես իրավական ուժ է տվել բոլոր արատավոր երևույթներին: Փոփոխությունները թույլ կտան քաղաքական դաշտ մտնել գաղափարական կուսակցություններին, ոչ թե «հարուստների ակումբներին»,- ասաց Սոնա Այվազյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է արտահայտվել փակ և փոփոխման ոչ ենթակա ցուցակ ունենալուն, իրենք կողմ են բաց համամասնական ընտրակարգին:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, լրագրողի դիտարկմանը՝ ինչ խնդիր է հետապնդում Լուսավոր Հայաստանն այսպիսով, ինչ ֆինանսական կամ վարչական լծակներ ունի, որոնք պատրաստվում է կիրառել ընտրություններում՝ Սոնա Այվազյանն ասաց, որ ինքը չի տիրապետում կուսակցությունների ֆինանսական ռեսուրսների մասին տվյալների կամ կուսակցության անդամների անձնական կապերին:
Իսկ ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատու Վարդինե Գրիգորյանն էլ կարծում է, որ հիմա ընտրությունների կգնանք մինիմալ փաթեթով, քանի որ ժամանակ է պետք, որպեսզի կատարվող փոփոխությունները մտնեն ուժի մեջ. «Սակայն, կարևորում եմ, որ թեկուզ այդ մինիմալ փոփոխությունների կատարման հանձնառությունը կա: Ազգային ժողովում ներկայացված մյուս ուժերի համար պետք է սկզբունքային լինի ոչ թե ուղղակի հակառակվելը, ինչպես անում են, այլ հանրային պահանջը լսելը: Իսկ հանրային պահանջն ամեն դեպքում փոփոխությունների կողմն է:
«Լուսավոր Հայաստանը» բերում է այն փաստարկը, որ ռեյթինգայինի վերացմամբ կտրվում է ընտրողի և թեկնածուի միջև կապը: Սակայն, կուզենայի հիշեցնել, որ Էդմոն Մարուքյանը, լինելով լոռեցի, 2018 թվականին առաջադրվել էր Երևանից, ուստի նրանց բերած հակափաստարկն անհիմն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ