«Կեղծ խաղաղասիրության կոչերով նա թշնամության մասին է խոսում։ Դա ասում է մեկը, որ գերագույն գլխավոր հրամանատար է եղել մի պատերազմի ժամանակ, երբ հազարավոր հայեր են զոհվել թուրքի ձեռքով, երբ տասը հազար քառակուսի կիլոմետր հայրենիք է հանձնվել թշնամուն, իսկ թուրքը շարունակում է սպառնալ հայությանը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս մարզային այցի ժամանակ հնչեցրած հետեւյալ ձեւակերպումներին․ «Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետևյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»։
Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ նշեց․ «Տգիտությանն ի պատասխան պատմական ակնարկ անեմ։ Որքան էլ ՀՀ որեւէ իշխանություն խաղաղասեր եւ թրքասեր լինի, Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն պանթուրքիզմի ծրագիր, որի համար մենք ենք խոչընդոտ։ Եվ այդ մարդն այսօր իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու քաղաքականությունը։ Երբ Օնիկ Գասպարյանը պահանջեց նրա հրաժարականը, օգնության եկավ Չավուշօղլուն։ Դա պատահակա՞ն է։ Պատահակա՞ն է, որ թուրք պաշտոնյան ողջունում է հունիսի քսանի ընտրությունները։ Ակնհայտ է, որ երեք տարի է՝ հայկականության դեմ պատերազմ է ընթանում»։
Էդուարդ Շարմազանովը հիմարություն եւ անհեթեթություն որակեց Փաշինյանի հետեւյալ խոսքերը՝ «մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ», եւ հարցադրում արեց․ «Ու այսպիսի մարդուն հանդուրժե՞ս, աղ ու հացով դիմավորե՞ս։ Ով այդ երեխաներին ուղարկում է նրան աղ ու հացով դիմավորելու, պետք է գիտակցի՝ ուղարկում է Ալիեւի եւ Էրդողանի շահերի սպասարկուին դիմավորելու»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ նախկիններին ուղղված մեղադրանքներին, թե վերջիններս «ՍՈՒ-30» ինքնաթիռները չեն գնել, իսկ իր օրոք գնվել են, բայց առանց հրթիռների, Շարմազանովը նկատեց․ «Իր հիշողությունը որ կարճ է, գիտի, թե ժողովրդի եւ իր քաղաքական ընդդիմադիրների հիշողությունն էլ է կարճ։ Տո այ խելոք, հուլիսին դու էիր ասում, որ «ՍՈՒ»-ն մարտական խոցում է կատարել։ Դու էիր մտել սելֆի անում։ Այդ 130 միլիոն դոլարը մարդկանց հարկերից վերցրիր սելֆիի համար։ Կամ ի՞նչ ներկա-նախկին ես անում, այ տղա։ Նախկինում եղել է եռատոն, որը դու վերածել ես «Էրատո» ջոկատի։ Նախկինում եղել է Շուշի, որը դու վերածել է Ալիեւի թեյախմարանի։ Նա անամոթաբար խոսում է բանակցային գործընթացից։ Ես հոկտեմբերի 19-ին՝ իր հետ երկրորդ հանդիպմանը հարցրել եմ՝ ի՞նչ են ձեզ առաջարկել սեպտեմբերի 27-ից մինչեւ այդ օրը՝ հոկտեմբերի 19-ը։ Ասել է՝ «5+2», եւ ինքը բոլորի՝ մոտ տասը քաղաքական ուժի մետ է ասել՝ միայն «5+2»․․․ Բա Շուշին որտեղի՞ց բուսնեց, իսկ Հադրո՞ւթը։ Բա դա ինչպե՞ս եղավ»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն խոսքին, որ «ժողովուրդը կորոշի, որ մեզ պետք է գնդակահարի, ասում եմ՝ ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ», Շարմազանովը շեշտեց, որ ժողովուրդը չի որոշելու, այլ դատարանը, որովհետեւ ՀՀ-ում մահապատիժ չկա․ «Նա ժողովրդին պետք է ողջ վիճակում եւ լավ փաստաբանով, որպեսզի լինի դատավարություն, իսկ ինքը պատմի, թե ինչը ոնց է եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ